Փաշինյանի հրատապ ուղերձը՝ ԼՂ-ի իրավիճակի մասին (տեսանյութ)

«Նախ ուզում եմ խոսել ԼՂ-ում տեղի ունեցածի՝ հրադադարի վերաբերյալ: Ըստ էության, այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը, մեր ունեցած տեղեկատվության ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի պահին: Նույնը համապատասխանաբար վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին:

Մեր տեղեկություններով, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ հրադադարի խախտումներ լինում են:

Ես տեսա, որ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը: Այդպիսի բան չկա: Իհարկե, կոմունիկացիայի որոշակի բարդություններ կան. ինչքան տեղեկացել եմ Ղարաբաղի մեր գործընկերներից, դեպի Մարտունի և Մարտակերտ տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է:

Քաղաքացիական անձանց շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է տեղեկատվությունը: Դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն:

Խնդրում եմ՝ ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես դեռևս ԼՂ-ի դեմ հարձակման առաջին օրը այս դահլիճից երբ եթեր եմ մտել, ասել եմ, որ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Սա մի խնդիր է, որ նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել:

Այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս օրակարգում չեն այն մարդկանց, որոնք դրանք բերել էին օրակարգ:

ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը, բանակցություններին Հայաստանը որևէ մասնակցություն չի ունեցել: Մենք այդ պայմանների քննարկման կողմ չենք եղել: Մենք տեղյակ ենք եղել, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որևէ մասնակցություն չենք ունեցել: Ես իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում է Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները դուրս բերելու մասին: Այն պայմաններում, երբ մենք ասել ենք, որ նման ստորաբաժանումներ Հայաստանը ԼՂ-ում չունի, բանակ չունի:

Հրադադարի հաստատման բանակցությունների պրոցեսը տարել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները՝ ԼՂ իշխանությունների կամ ներկայացուցիչների հետ: Որքան տեղյակ եմ, բոլոր որոշումները կայացվել են ԼՂ բարձրաստիճան ներկայացուցիչների ընդլայնված կազմով՝ խորհրդարանի ղեկավարություն, կառավարություն, հրապարակվել է, որ նաև ԼՂ նախկին ղեկավարներ են մասնակցել որոշումների կայացմանը: Սա կարևոր է արձանագրելու համար: Ենթադրում եմ, որ նրանք ելել են կոնկրետ տեղում ստեղծված իրադրությունից:

Գնացել է տեղեկատվություն, իբր Հայաստանը արգելել է կամ փակել է, որ ԼՂ-ից քաղաքացիները, որ ուզում են տեղափոխվել Հայաստան, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին:

«Նախ բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է, այդ ողջ ընթացքում և այս պահին էլ, Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել: Այսինքն այդպիսի թեմա չի եղել: Ավելին ասեմ. դեռ այս շաբաթվա մեկնարկին  ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության, կենցաղային պայմաններն ապահովելու համար: Մենք սրա մասին չենք հայտարարել:

Ընդ որում, տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ և այլն: Հյուրանոցների համարներ ենք, ընդհուպ, ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար: Սա արվել է այս շաբաթվա սկզբին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում