Առանց հայկական Արցախի՝ Հայաստանի Հանրապետության գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր․ Քերոլայն Քոքս (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանում՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում կայացել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի ասուլիսը՝ Արցախի, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության, Արցախի շրջափակման, ինչպես նաև Հայաստան ադրբեջանական ներխուժումների, դրանց մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
«30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, 30 տարի անց, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում»,- ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը։
«Ինձ միշտ ապշեցնում է այն միաձայնությունը, որով դուք կիսում եք մի ընդհանուր նպատակ, այն է՝ ապրել խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ձեր իսկ սեփական հողում։ Այդ բաղձանքը շարունակում է լցնել իմ սիրտը։ Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրական 400 գրադ արձակվում Ստեփանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա։
Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները», – ասաց բարոնուհին:
Նա հավելեց, որ վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ:
«Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև: Այս իրավիճակը գնալով սրվում է: Մինչ օրս որևէ ազգ կամ միջազգային կազմակերպություն չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը և ո՛չ էլ Ռուսաստանը: Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին:
«Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություներ ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, դա է՝ գրավել ձեր հայրենիքը», – ասաց բարոնուհին։
Նա նշեց, թե Ստեփանակերտի «Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի» հինադիր Վարդան Թադևոսյանը երկու օր առաջ իրեն ասել է հետևյալը. «Սննդի պաշարները վերջանում են, մեկ ձվի արժեքը հիմա 800 դրամ է։ Հոգնել ենք նման պայմաններում ապրելուց, հոգեկան հիվանդ ենք դարձել, կարծես բանտում լինենք՝ չիմանալով, թե որքան ժամանակ պետք է մնանք այստեղ»։
Բարոնուհին ասուլիսի ընթացքում մեջբերեց Հայաստանում գտնվող արցախցիներից մեկի՝ իրեն փոխանցած խոսքերը. «Ամեն օր տեսնում եմ տատիկիս՝ հացի հերթում կանգնած նկարները, նա ամեն օր հերթից ձեռնունայն է տուն վերադառնում։ Եղբայրս ալերգիա ունի, քույրս՝ շաքարային դիաբետ, բայց դեղորայք չեն կարողանում ձեռք բերել։ Սիրտս կտոր-կտոր է լինում, միակ բանը, որ ուզում եմ՝ շրջափակումը վերջանա, որ կարողանանք միասին լինել»։
«Առանց հայկական Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր» , – հայտարարեց Քոքսը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի և առևտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից: Քոքսը վստահ է՝ այդպիսով ավելի քան 120.000 բնիկ հայ կդառնա հակահայկական ավտորիտար պետության քաղաքացի՝ նրանք ստիպված կլինեն զիջել իրենց ազատությունն ու սեփական հողի նկատմամբ վերահսկողությունը:
«Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը մեկուսացված է, միջազգային նշանակալի աջակցությունից զուրկ է։ Նույնիսկ ձեր ամենամոտ դաշնակիցներն արդյունավետ պատասխան չեն տվել ձեր ժողովրդին հասցված տառապանքներին։
Խիստ ծանր սրտով է, որ մենք պետք է ընդունենք այն անհանգստացնող հավանականությունը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել։ Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել, կան նրանք, ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում դադարեցնել այն։
Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև Հայաստանի նկատմամբ։ Եթե այն պայմանագիրը, որը բանակցվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, արդյունքում Արցախը հանձնվի, ապա տևական խաղաղություն տարածքում չի երաշխավորվում, չի էլ կարող»,- ասաց բարոնուհին։

