Ուսուցչի աշխատավարձը 350-400 հազարից է սկսվում, թող ջանք գործադրեն, գնան վերցնեն այդ աշխատավարձը. Փաշինյան

Առնվազն պետական բյուջեի միջոցներից եկամտային հարկի վերադարձի մեխանիզմով պաշտոնապես արձանագրվում է, որ վերջին 5 տարում բնակարան ձեռք բերող սուբյեկտների թիվը 25 հազարից անցել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե նոր կառուցվող շենքերը ո՞ր խավն է ձեռք բերում եւ քանի տոկոսի առաջին բնակարանն է դա:

«Օրինակ, 2018-ի դրությամբ այդ մարդիկ եղել են մոտ 3 հազար, այս տարվա բյուջեով, ես համոզված եմ, որ 30 հազարը կանցնեն: Հետեւաբար, բնակարան ձեռք են բերում միջին խավի ներկայացուցիչները: Որովհետեւ եթե մեկը պնդում է, որ Հայաստանում 30 հազար մեծահարուստ կա, ուրեմն Հայաստանն ընդհանրապես ուրիշ… դա լավ կլիներ, բայց ցավոք, այդպես չէ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը խոսում է ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձի մասին, սակայն ուսուցիչների միջին աշխատավարձը հազիվ 100 հազար է, Փաշինյանն ասաց. «Հայաստանում ուսուցչի աշխատավարձն, այո, 300-400 եւ 500 հազար դրամ է: Նրանց աշխատավարձը 350 հազարից է սկսվում, մնում է որ մեր հարգարժան ուսուցիչները մի քիչ էլ իրենք ջանք գործադրեն, գնան իրենց այդ աշխատավարձը վերցնեն: Նույնը վերաբերում է մարզիչներին, դաստիարակներին, երաժշտական դպրոցների ուսուցիչներին, որոնց համար եւս ատեստավորման ծրագիր ենք իրականացնում: Խնդրում ենք գնան եւ տեր կանգնեն իրենց աշխատավարձին»: