«Արմենիա» միջազգային 7-րդ փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 18-րդ համերգաշրջանը

Սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը։ Այն դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ համերգային ծրագրով և աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներով։ Այս փառատոնով կմեկնարկի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 18-րդ համերգաշրջանը։ «Արմենիա» միջազգային փառատոնի համահիմնադիր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։

Փառատոնի համերգային ծրագիրը երաժշտասերներին կմատուցի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ բազմազան հարուստ երկացանկ՝ համաշխարհային դասականների կողքին ներկայացնելով նաև հայ հեղինակների ստեղծագործություններ,  ինչը կարևոր առաջնահերթություն է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի համար։  Յոթ համերգներով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Պյոտր Չայկովսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Ալեքսանդր Բորոդինի, Կառլ Ջենքինսի, Ալեքսեյ Շորի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գագիկ Հովունցի ստեղծագործությունները։ Եվ իհարկե, Արամ Խաչատրյանի 120-ամյակի տարում կհնչեն նաև հայ մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից։

Այս տարի ևս փառատոնի շրջանակում երևանյան բեմ կբարձրանան հանրահայտ  ջութակահարներ Սթիվեն Ուորթսը, Մարկ Բուշկովը, Շյաոժուո Վանգը, դաշնակահարներ Զի Զին, Եկվոն Սունվուն, թավջութակահար Գաբրիել Շվաբեն։ Նրանցից շատերը մեր երկրում կլինեն առաջին անգամ։ Հեղինակավոր երաժիշտները նաև վարպետության դասեր կանցկացնեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի սաների համար՝ պատանի երաժիշտների հետ կիսվելով կարևոր հմտություններով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Բոյկոն, Ջոն Ուորները, Ռիկարդո Կասեռոն, Ռուլեն Հենքենսը, Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ էկոնոմիկայի և ԿԳՄՍ նախարարությունները։