Կառավարությունը կսուբսիդավորի խաղող մթերող ընկերություններին, յուրաքանչյուր 1 կգ խաղողի դիմաց՝ 30 և 50 դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փաթեթը կազմել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներյում՝ կախված արտարժութային շուկաներում հայկական դրամի թանկացման հետ:

«Այսինքն խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինը էապես ավելի թանկ է արտարժույթով: Մենք հասկացել ենք, որ խաղողի մթերման գործում առկա է ավելի քիչ ախորժակ խաղող մթերողների կողմից, որոնք որոշել էին 65 մլն տոննա ավելի քիչ խաղող մթերել այս տարի, քան նախորդ տարիներին:

Այդ խնդիրը լուծելու, ինչպես նաև խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ սահմանելու՝ դա 110 դրամն է, ինչպես նաև խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը բաղկացած է հետևյալ գործողություններից:

Մենք տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերողների համար, որ կարողանան ավելի արագ վճարել խաղողի մթերման դիմաց: Մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար: Այսինքն 5 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ մեկ կգ խաղողի համար սուբսիդավորում: Իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար մեկ կգ-ի դիմաց՝ 50 դրամ սուբսիդավորում»,- նշեց նախարարը: