Հինգ-վեց օր Ստեփանակերտի ոչ մի փուռ չի աշխատել․ գիշերվանից հնարավոր է որոշները վերսկսեն աշխատանքը․ Դավիթ Սարգսյան

Ստեփանակերտում հինգ-վեց օր է՝ ոչ մի փուռ չի աշխատում։ Եթե հաջողվի, այս գիշեր որոշ փռեր նորից հաց կթխեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում քաղաքային իշխանությունն իր բնակիչներին կարողանո՞ւմ է արդյոք ինչ-որ ձևով աջակցել, Սարգսյանը պատասխանեց․ «Ով ինչով կարողանում՝ օգնում է։ Մեկի տանը մի քիչ ալյուր է լինում, կիսում է, մեկը հաց է լինում թխած իր տանը, հարևանին, բարեկամին տալիս է։ Սոցապ նախարարությունը որոշ դեպքերում քիչ ու միչ տրամադրում է․ էդպես էլի․․․»։

Պաշարված քաղաքի խնդիրներն անհամար են, հասցեատերերը՝ տարբեր։ Քաղաքապետն ասում է՝ սոցիալական ճգնաժամը ինչ-որ չափով մեղմելու համար սոցապ  նախարարության  հետ աշխատում են, որ շատ կարիքավոր ընտանիքներին ինչ-որ բանով աջակցեն։

Մաքրությամբ մշտապես բոլորին հիացնող Ստեփանակերտը արդեն քանի ամիս է՝ նաև այս առումով է խեղճացել։ Եթե մինչև շրջափակումը օրական երկու անգամ  քաղաքը մաքրվում էր քաղաքը, հիմա երկու օրը մեկ հազիվ են կարողանում։

«Առաջ 18 մեքենա էր աշխատում աղբահանության նպատակով, հիմա՝ 4։ Վառելիքի սղության պատճառով որոշ թաղամասեր երկու-երեք օրը մեկ են մաքրվում, բայց այսօրվա դրությամբ դեռ կարողանում ենք մաքրել, ոչինչ։ Ճիշտն ասած, այդքան շատ աղբ էլ չի հավաքվում, քանի որ այնքան սնունդ էլ չկա, որ աղբ գոյանա․․․»-ասում է Սարգսյանը։

Քանի որ քաղաքային տրանսպորտը վաղուց չի աշխատում, երեք էլեկտամոբիլ է գործարկվել՝ անհրաժեշտության դեպքում գոնե հղիներին ծննդատուն հասցնելու համար։

Միակ խնդիրը, որ, ի հեճուկս պաշարման հետևանքով առաջացած դժվարություններին, կարելի է համարել լուծված, մայրաքաղաք Ստեփանակերտի ջրի խնդիրն է։ Քաղաքապետը վստահեցնում է՝ հիմա արդեն խմելու ջուր բնակիչներն ունեն։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վաղվանից Ստեփանակերտի  հացի արտադրամասերում կիրականացվի նաեւ  հացի վաճառք՝  համար 1 կտրոնով: