Քննարկվել է երեք հարց՝ նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը․ Արայիկ Հարությունյան

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում 3 երիտասարդների առևանգումից հետո Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք: Ելնելով իրավիճակից՝ Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։

Ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքված ժողովրդին ներկայացրել է քննարկման արդյունքները, պատասխանել է մտահոգող հարցերին։

Նա նշել է, որ քննարկվել է 3 հարց` անցակետից երեկ առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը` ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։

«Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ` առանց բարձրաձայնելու։ Ես կփորձեմ առաջին հերթին կապ ստեղծել, որպեսզի խոսենք մեր բալիկների հետ, և նրանց ներկայությամբ ստանանք հստակ օր, որը շատ երկար չի լինելու, շատ կարճ է լինելու, որ նրանք տեղ են հասնելու։ Եվ անձամբ նրանք կլսեն այն պաշտոնյայի անունից, ով բերելու է և մեր բալիկներին թողնելու է Ստեփանակերտում։ Ես դա երաշխավորում եմ»,- հայտարարել է Հարությունյանը։

Նա առևանգված երիտասարդների ծնողներին խնդրեց օգոստոսի 29-ի առավոտյան ժամը 9-ին լինել Արցախի նախագահական նստավայրում։ Շեշտեց, որ դրանից է կախված հետագա քայլերը։

«Սով, ամեն ինչի պակաս, մահվան ամեն 3-րդ դեպք թերսնման հետևանքով է, մեր հղիները կորցնում են իրենց չծնված երեխաներին։ Ինչի՞ ենք ուշացել, դուք կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին` գերտերություններին, ՄԱԿ-ին»,- ասել է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ 6 ժամ տևած քննարկման արդյունքում միասնական որոշման հասնել չեն կարողացել, բայց ինքը, որպես նախագահ, պետք է տեղեկացնի, որ մի քանի օրում հացի խնդիրը լուծվելու է։

«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը: