Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
Քննարկվել են Բաքվի և Վաշինգտոնի համագործակցության հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և իրավիճակը Հարավային Կովկասում։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, որ «Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում և խանգարում խաղաղ գործընթացին»։
Նա ընդգծել է Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջների անընդունելիությունը, Ադրբեջանի տարածքից հայկական Զինված ուժերի ամբողջությամբ դուրս բերելուց հրաժարվելը և երկրի ներքին գործերին միջամտությունը։
Բայրամովն ասել է, թե Հայաստանը շարունակում է սադրանքները իր տարածքում ստեղծած Լաչինի սահմանային անցակետի դեմ, սակայն․ «չնայած դրան, մեր երկիրը պայմաններ է ստեղծում երկու ուղղություններով հայազգի բնակիչների անցման համար»։
Նա ավելացրել է, թե «չնայած Աղդամ-Խանքենդի ճանապարհի և բեռնափոխադրման այլ ուղիների մասին Ադրբեջանի առաջարկին, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռնափոխադրումների հարցում և հրաժարվում է այդ ճանապարհներով բեռնափոխադրել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ շրջափակման և հումանիտար իրավիճակի մասին հայկական կողմի հայտարարությունները քաղաքական շահարկումներ են»։

