Ո՞վ է մեզանում գովերգում թուրքին (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։
Լիա Ավետիսյանի հետ խոսեցինք վերջերս «Բուկինիստ» գրախանութում հայտնված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, ազգայնամոլ ծայրահեղական Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված գրքի հետ կապված հանրային վրդովմունքի մասին։ Հրապարակախոսն ասաց, որ ինքն անձամբ ահազանգի հետքերով գնացել է գրախանութ, սակայն գիրքը չի գտել։ Իրեն հավաստիացրել են, որ գիրքն անհասկանալի ձևով անհետացել է։ Փաստորեն հանրային դժգոհությունը, վրդովմունքը կարողացավ չեզոքացնել թուրքական քարոզչության հերթական փորձը։
Թուրքական քարոզչությանը հեշտ է տրվել, եթե չկա գիտելիք, մտավոր պաշար, ազգային ընկալում։ Լիա Ավետիսյանը հորդորում է շատ կարդալ, որպեսզի հնարավոր լինի դիմադրել նման քարոզչություններին։
Հայաստանում պրոթուրքական քարոզչությանը զուգահեռ հակաթուրքական պայքար է ընթանում։ Օրերս հայտնի դարձավ, որ Disney plus հարթակը չեղարկել է Թուրքիայի ցեղասպան բռնապետ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին փառաբանող սերիալի թողարկումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ճնշման արդյունքում։ 8 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը, որը, ի սկզբանե, պետք է ցուցադրվեր 2023 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, այժմ որպես գեղարվեստական ֆիլմ կցուցադրվի միայն Թուրքիայի կինոթատրոններում 2023 թվականի նոյեմբերի 3-ին։ Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել Disney plus-ին «չեղարկել իր սերիալը, որը փառաբանում է թուրք բռնապետ և ցեղասպանություն իրականացրած մարդասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, որի ձեռքին է միլիոնավոր հույն, հայ, ասորի, քաղդեացի, սիրիացի, արամեացի, մարոնի և այլ քրիստոնյա նահատակների արյունը»։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

