Ինչո՞ւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում արձանագրված 1 մլրդ դրամի խախտումը 1,5 տարի որևէ ընթացք չի ստացել. ՊՎԾ-ից պարզաբանում են, Առողջապահության նախարարությունից ասում են, որ տեղյակ չեն
Tert.am-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ Առողջապահության նախարարության և Պետական վերահսկողական ծառայության կողմից 2021թ. մեկնարկել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության վերաբերյալ ստուգումներ, որի արդյունքում 2022թ. «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում արձանագրվել է 1 մլրդ դրամի խախտում: Tert.am-ը տեղեկացել է նաև, որ շուրջ մեկ ու կես տարի խախտումը մոռացության մատնված է եղել, և հետագա ընթացք չի տրվել ո՛չ Առողջապահության նախարարության, ո՛չ էլ ՊՎԾ-ի կողմից:
Tert.am-ի աղբյուրը կասկած է հայտնել, որ տարօրինակ լռության պատճառ կարող է լինել հանգամանքը, որ Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը 50 տոկոս բաժնետեր է «Աբովյան 39» ՍՊԸ-ում։ Մինչև փոխնախարար նշանակվելը վերջինս հանդիսացել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրեն, և հենց վերջինիս կողմից է կնքվել ընկերության տարածքը «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին վարձակալությամբ հանձնելու պայմանագիրը:
Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովից տեղակացել է, որ Անահիտ Ավանեսյանը այդ գործարքից տարեկան ստացել է 11 մլն 249 հազ դրամ եկամուտ:
Մեր հարցմանն ի պատասխան Պետական վերահսկողական ծառայությունից հաստատել են, որ ՀՀ վարչապետի կողմից 2021թ. Առողջապահության նախարարությանը տրված հանձնարարականի համաձայն՝ Պետական առողջապահական գործակալությունը մի շարք բժշկական կազմակերպություններում, այդ թվում՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացվել են մշտադիտարկումներ։ Դրանք իրականացվել են ՊՎԾ ընթացիկ վերահսկողության ներքո, սակայն որպես նախաձեռնող և իրականացնող հանդես է եկել Առողջապահության նախարարությունը։ ՊՎԾ-ից հայտնում են, որ 2022թ. ծառայության կողմից ուսումնասիրություն է սկսվել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում, որի շրջանակում զուգահեռ ուսումնասիրություններ են իրականացվել նաև մի շարք բժշկական կենտրոններում։
Դարձյալ դիմեցինք ՊՎԾ-ին՝ հստակեցնելու, թե ինչ չափի ֆինանսական խախտումներ են արձանագրվել, և արդյոք որևէ տեղ ֆիքսվել է 1 մլրդ դրամի խախտումը:
ՊՎԾ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին վերանշյալ թիվը, փոխարենը հայտնեցին, որ վարչապետի կողմից առողջապահության նախարարին տրված հանձնարարականի հիման վրա «Նաիրի բժշկական կենտրոն», «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ընկերություններում և «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ուսումնասիրությունների իրականացման ընթացքում ՊԱԳ-ի և Ծառայության աշխատակիցների կողմից փոխգործակցության շրջանակում աշխատանքային կարգով փոխանակվել են հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություններ, որոնք չեն կրել պաշտոնական բնույթ, այլ հանդիսացել են նախնական տվյալներ, ուստի դրանց տեսակների և հնարավոր ֆինանսական հետևանքների մասին Ծառայության կողմից պաշտոնական տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չէ։
Գերատեսչությունից նաև հավելել են, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ծառայությունը նախարարությունից պաշտոնական տեղեկատվություն չի ստացել։
Միաժամանակ նշել են, որ ծառայության կողմից ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանք չի կազմվել և չի ներկայացվել «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնին՝ համապատասխան կարծիք ստանալու նպատակով, քանի որ վերոնշյալ բժշկական կենտրոնում ծառայության կողմից ուսումնասիրություն դեռևս չի իրականացվել։
ՊՎԾ-ից տեղեկացնում են, որ մշակված ժամանակացույցի համաձայն՝ ծառայության կողմից ուսումնասիրություններ են նախապատրաստվում իրականացնել պետական պատվերով բժշկական ծառայություններ մատուցած խոշորագույն բժշկական կենտրոններում, այդ թվում՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որի շրջանակում անդրադարձ կկատարվի նաև մեր հարցման մեջ նշված ՊԱԳ աշխատակիցների կողմից տրամադրված տվյալներին։
Հարցումով դիմեցինք նաև Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրություն չի իրականացվել։ Նախարարությունից ավելացրին նաև, որ մեր հարցման մեջ նշված մյուս կետերի վերաբերյալ տեղեկատվությանը առողջապահության նախարարությունը չի տիրապետում։

