Լինել տե՞ր, թե խեղկատակ․ այս է խնդիրը
Բոլորը կփաստեն, որ մինչ 2018-ը հասարակության շատ ստվար շերտի քննո առարկան էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն ու առհասարակ ճակատագիրը, բայց դա ոչ այն պատճառով, որ անտարբեր էին կամ իրենց համար միևնույն էր (դրա խոսուն օրինակն է Արցախյան քառօրյա պատերազմը 2016-ին, երբ դեպի Արցախ մեկնող ճանապարհը և Վերածննդի հրապարակը լեփ-լեցուն էր կամավորական խմբերով, որոնք մեկնում էին Արցախ՝ իրենց պարտքը տալու Հայրենիքին), այլ սոսկ այն պատճառով, որ արտաքին քաղաքականության, Արցախի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ունեինք ճկուն բանակցող, ում շնորհիվ այդ նույն 2016-ին Ադրբեջանի բռնապետը խոստովանում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Եթե զուգահեռներ տանենք այսօրվա դառը և ցավոտ իրականության հետ, կտեսնենք, որ այսօր յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր հավաք, յուրաքանչյուր բակ, ցանկացած մասնագիտության տեր մարդ անհանգիստ է ու մտահոգ Արցախի և արցախահայության ճակատագրով, ոմանք արդարացումներ են փնտրում իրենց այսօրվա անգործության համար, իսկ շատերը փորձում են ելքեր գտնել ․․․
Ի՞նչ էր անում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը
Նախագահը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը տեսնում էր մի ամբողջության մեջ։ Դա է վկայում Հայաստան-Սփյուռք Համահայկական համաժողովները, որտեղ երբևէ տարանջատում չի եղել, այլ ընդհակառակը․«Այժմ, անշուշտ, հասունացել է մեր անցած ճանապարհն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրելու պահը: Դրան զուգահեռ առաջարկում եմ այս համաժողովն օգտագործել որպես Հայաստան-սփյուռք ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ միասնականության և բազմակարծության ոգով անցկացվող քննարկումների արդյունքում կծնվեն ապագային միտված նոր գործողությունների ծրագրեր՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայնքների զարգացման ու հզորացման համար» (https://www.mfa.am/hy/speeches/2017/09/18/pres-armdiaspora-speech/7468 ): Նա առհասարակ երբևէ և ոչ մի պարագայում հասարակությանը չի բաժանել սևերի և սպիտակների, առավելևս երբեք իր պատասխանատվության շրջանակը չի սահմանափակել Հայաստանով, լինելով միայն ՀՀ նախագահ այնպես, ինչպես այսօր անում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ով իր վերջին՝ հուլիսի 25-ի հայտնի ասուլիսի ժամանակ հստակ ընդգծեց․ «Ես Հայաստանի ժողովրդից մանդատ եմ ստացել որոշումներ կայացնելու Հայաստանի վերաբերյալ, իմ գործողության օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է» ( https://www.youtube.com/watch?v=gr0N-3xKtgs ), չնայած այստեղ էլ է ստում Փաշինյանը, քանզի փաստ է, որ նրա դիրքորոշումն ու հայտարարությունները չեն եղել այդպիսին պաշտոնը ստանձնելու առաջին տարիներին, երբ 2018-ի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ փոխզիջումն էր համարում անիմաստ խոսակցություն, եթե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է․
«Փոխզիջումների առումով ես իմ տեսակետը հայտնել եմ արդեն և ասել եմ հետևյալը՝ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Ստեփանակերտը նվաճելու իր մտադրության մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է կարծրատիպերին, կարծրատիպեր ասելով այդ թվում նկատի ունենք բանակցային ֆորմատի շուրջ ձևավորված կարծրատիպը և նկատի ունենք նաև այն, որ այո, մենք ասում ենք, որ պետք է հարցը լուծվի բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչը չի խանգարում, որ լրջագույն ջանքեր գործադրվեն, կրկնապատկվեն, եռապատկվեն ջանքերն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև Արցախի պրոբլեմը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և անվտանգության իրավունքին, նրանց ինքնության իրավունքին, նրանց լինելու իրավունքին, այսինքն՝ սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, իրական սպառնալիք, և այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքերով են արտահայտվել, այլ արտահայտվել են կոնկրետ գործողություններով, խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»։
Էլ չենք խոսում 2019-ի օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում հնչեցրած վտանգավոր հայտարարության մասին՝ «Արցախը Հայաստան է և վերջ, միացում»։
Իսկ ի՞նչ փոխվեց․․․ փոխվեց այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ կամ դավաճանական (դա ցույց կտա ժամանակը) քաղաքականության շնորհիվ Արցախի և արցախահայության ճակատագիրը հանձնեց թշնամուն՝ ճանաչելով արհեստածին Ադրբեջանի 86,600քկմ տարածքը, և այսօր արդեն իսկ դարձել է միայն 29,800 քկմ-ի վարչապետ ․․․
Փոխարենը Սերժ Սարգսյանը մշտապես պատասխանատվություն է ստանձնել Արցախի և արցախահայության համար՝ երբևէ չպատկերացնելով ոչ մի պարագայում Արցախը Ադրբեջանի կազմում, ինչի արդյունքում էլ ադրբեջանի բռնապետի վիզը միշտ ծուռ էր մնում, և նա, չհաջողելով ոչ բանակցային սեղանների շուրջ, ոչ ռազմական ճանապարհներով, փորձում էր զարտուղի ճանապարհներով իր առջև դրված խնդիրը լուծել (հիշեք Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի հայտնի ձայնագրությունը Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ, երբ Սարգսյանը պատասխանում է Լուկաշենկոյին, որ կտա 6 մլրդ, թող նա (Ալիևը) հրաժարվի 7 շրջաններից)
Ավելին, 2017թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթ ունենալով՝ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ի ցույց դրեց ողջ աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:
«Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:
Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:
Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:
1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:
2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:
Հարգելի՛ պարոն նախագահ,
Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:
Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը:
Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:
Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։
Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:
Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:
Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի:Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:
Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»։
Այնպես որ, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ լինե՞լ տերը իր ճակատագրի, ընտանիքի, Հայրենիքի, պատմության, թե ուրիշների շահը սպասարկող խեղկատակ-ծաղրածու․․․
Ժաննա Ծառուկյան

