ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Դավիթ Տոնոյան

«Ինձ վերաբերելիի մասով Զինված ուժերի վիճակը գնահատվում էր բավարար՝ Հայաստանի դեմ ուղղված, ինչպես նաև Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախկին նախարարի պնդմամբ՝ ՀՀ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու։

«ԶՈւ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման առումով։ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները», – կրկնեց Տոնոյանը՝ մատնանշելով, որ դա իր գնահատկանը չէր, այլ՝ փաստարկված տեղեկատվություն։

Նախկին նախարարը կրին ընդգծեց, որ մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով բանակի պատրաստվածությունը բավարար էր։

Նա նշեց, որ իր խոսքը չի վերաբերում զինտեխնիկայի հագեցվածությանը, քանի որ այդ առումով ամեն ինչ զրո է եղել` կործանիչ ռազմավիացիա չենք ունեցել:

«Մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել. և հիմնվում էինք միայն նախկին Խորհրդային Միության սահմանին սպառնալիքներին՝ ՌԴ հետ համագործակցության եւ ՌԴ ռազմօդուժի, կործանիչների հագեցվածության, դրանց կիրառման վրա»։

Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: