Փաշինյանի «ներդրումը» Արցախում նախկինների ներդրումների ոչնչացումն է

Վերջին 30 տարում Արցախին այնքան օգնություն չի ցուցաբերվել, որքան մեր իշխանությունների ժամանակ։ Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ։ Ասել կուզի՝ Արցախի Հանրապետության 75 տոկոսը մեծ զոհերի գնով Ադրբեջանին նվիրաբերելը (ըստ ականատեսների ու պատերազմի մասնակիցների) Փաշինյանը հսկայական ներդրում է համարում իր ղեկավարած իշխանության կողմից։ Թերևս ի հավելումն այդ ներդրումի՝ նաև Արցախը պաշտոնապես Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստն է ու Արցախի հետագա ճակատագրի համար այլընտրանք չթողնելը՝ Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու երաշխիքներից բացի։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանական քաղաքականությունը Ալիևի կառավարման տարիներին հայատյացությամբ է թաթախվել, և Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանը վերացնելուց հետո արցախահայության հնարավոր սպանդը հենց Փաշինյանի մեղքով է լինելու, պատասխանատվությունը նրանն է լինելու։ Բայց վերադառնանք Արցախի համար փաշինյանական իշխանության «սրտացավությանը»։

Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը Արցախի համար՝ ավերից, պատերազմից, զինվորասպանությունից, սգից, խեղված ճակատագրերից, շրջափակումից, Արցախը մեն-մենակ բախտի քմահաճույքին թողնելուց բացի։ Իսկ մինչև պատերազմը ի՞նչ նոր կառույց է ավելացել Արցախի Հանրապետությունում Փաշինյանի ղեկավարած ՀՀ իշխանությունների ֆինանսական օգնության շնորհիվ, դպրոցնե՞ր են կառուցվել, ճանապարհնե՞ր են բարեկարգվել, աշխատատեղե՞ր են ստեղծվել, արտադրությո՞ւն է խթանվել, հէկե՞ր են կառուցվել։ Հարցն իհարկե հռետորական է։ Եթե մեր լրատվամիջոցը ներկա լիներ ասուլիսին, թերևս Փաշինյանի հոխորտանքին նման հարցադրմամբ կպատասխաներ, թե իրենց հատկացրած գումարներոց Արցախում ինչ նոր բան է ավելացել, բայց մենք սկզբունքորեն չենք լուսաբանում նրան, քանի որ չենք ընդունում նրա լեգիտիմությունը։

Փոխարենը նորից հիշենք նախկին իշխանություններին, որոնց Փաշինյանն իր համար վահան է դարձրել՝ պաշտպանվելու իր ձեռքով իրականացրած ամեն մի ողբերգության, ոճիրի համար պատասխանատվությունից։ Հենց Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև արդեն Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին պատերազմից ավերված, թուլացած ու հայաթափված Արցախը քիչ-քիչ սկսեց շնչել ու ոտքի կանգնել։ Արցախի Հանրապետությունում բնակելի շենքեր կառուցվեցին, նոր շեներ ու բնակավայրեր կառուցվեցին և սկսվեց դրանց վերաբնակեցման ծրագիրը։ Այդ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծվեցին, վերանորոգվեցին հին դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց թիվը համալրվեց նոր կառուցված շենքերով, քանի որ բնակչության թիվն աճում էր, և նոր սերունդին կրթելու համար նոր ու ժամանակակից կրթօջախներ էին հարկավոր։ Պատերազմից հետո Արցախի եկեղեցիները, որոնք կիսավեր էին ադրբեջանական ռմբակոծություններից, վերանորոգվեցին Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու բարերարների հատկացրած միջոցներով, դրանց ավելացան նոր եկեղեցիներ։ Վերանորոգվեցին ու բարեկարգվեցին Արցախի Հանրապետության ներքին և դեպի Արցախ տանող ճանապարհները։ Թերևս ամենակարևոր կառույցը, որ ստեղծվեց նախկին իշխանությունների օրոք, Արցախի պաշտպանության բանակն էր, և ՀՀ իշխանությունները մեծ աջակցություն ցուցաբերեցին այդ բանակի կայացմանը ոչ միայն նյութական ու ռազմական, այլև մասնագիտական ներուժով։ Մինչև գունավոր խեղափոխությունը Արցախը տուրիզմի կենտրոն էր դարձել ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ հայերի ու օտար զբոսաշրջիկների համար։ Տուրիստական ընկերությունների փաթեթում Արցախը միշտ ներառված էր և մեծ պահանջարկ ուներ, չնայած նրան, որ Բաքուն Արցախ այցելող զբոսաշրջիկների սև ցուցակ ուներ։ Եվ զբոսաշրջիկներից որևէ մեկը չէր արձանագրում, որ Շուշին դժգույն ու դժբախտ է, այլ հակառակը՝ հիանում էին, թե ինչպե՞ս է պատերազմ տեսած և հրադադարի բոլոր «պերճանքները» վայելող Արցախը սուղ բյուջեով կառուցվել ու բարեկարգվել, վերածվել քաղաքակիրթ փոքր պետության։ Հայաստանի Հանրապետության օգնությամբ Արցախը որոշ չափով նաև տնտեսապես ինքնաբավ պետության էր վերածվել, որն արդեն այնքան ներուժ ուներ, որ սեփական մթերքն էր արտահանում Հայաստանի Հանրապետություն։

Իր չսիրած նախկինների կառուցած, բարեկարգած ու շենացրած այդ Արցախն էր, որ Փաշինյան Նիկոլը հաճույքով ու մեծ բավականությամբ նվիրեց Ադրբեջանին՝ իբրև թե Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիք։ Եթե նախկինների կառուցած Արցախն էր ծակում նրա աչքը, ապա նախկինների կառուցած Հայաստանի Հանրապետությունը որքան կծակի, որևէ մեկս փոքր-ինչ կասկած ունի՞, որ Արցախից հետո ՀՀ-ն է դառնալու Ադրբեջանին Փաշինյանի կողմից արված ընծան։ Որքան էլ այդ ժամանակ աղաղակի Փաշինյանը, թե 30 տարվա մեջ որևէ իշխանություն այնքան չի ծառայել ՀՀ-ին, այնքան ներդրում չի արել և այնքան տնտեսական աճ չի ապահովել, որքան իր գլուխգործոց իշխանությունը, մեջն ինչ, եթե ի վերջո այդ ամենը Ադրբեջանի կազմում է ճանաչվելու ՀՀ ոչ բարով իշխանությունների կողմից։ Իսկ այսօրվա ասուլիսին արված հերթական անհեթեթ ու անհիմն հայտարարությունը զուտ դեռ իրեն հավատացող փոքրաթիվ ընտրազանգվածի ականջների համար էր։

Թագուհի Ասլանյան