Իրանն արձագանքել է Ռուսաստան իրանական ԱԹՍ-ների արտահանման մասին պնդմանը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին ուրբաթ անհիմն է անվանել Ռուսաստան իրանական անօդաչուների արտահանման մասին պնդումը՝ նշելով․ «Ուկրաինայի պատերազմը Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է»։

«Ցավոք, Արևմուտքը փորձում է շարունակել Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անարդյունավետ և անհաջող քաղաքականությունը՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից և դիմելով կեղծ, չապացուցված պնդումների»,- նշել է նա։

Քանանին ասել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան տալ այդ քայլերին, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։

Իրանի պաշտոնյան ընդգծել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայում պատերազմի դադարեցումն արագացնելու  անհրաժեշտությունը։

Նախօրեին ԵՄ-ն հակառուսաստանյան նոր պատժամիջոցների շրջանակում սև ցուցակ է մտցրել Իրանի վեց քաղաքացու, ինչպես նաև արգելել   անօդաչուների պատրաստման համար օգտագործվող բաղադրամասերի արտահանումն Իրան։