Արցախը արցախցունն է, ու պիտի այդ տան դուռը բացվի․ ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան մոտ են

Հայաստանում ապրող արցախցիները և տասնյակ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից երթով հասել են ՌԴ դեսպանատուն։

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը ռուսերենով ներկայացրին ՌԴ դեսպանատանը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։

Ակցիային մասնակցում է նաև արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը։ «Ակնկալիք բառը ո՞րն է, մենք հայրենիք ենք կորցնում, դուք ակնկալիքի մասին եք խոսում: Ես ոչինչ չեմ ակնկալում, ես ուղղակի պինդ ասում եմ՝ Արցախը արցախցունն է ու պիտի այդ տան դուռը բացվի, որ ես գնամ իմ տուն: Դա ակնկալիք չի, դա իմն է»,-

ՌԴ դեսպանատան դիմաց արցախցիների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց երգչուհին:

Արցախցիները հայտարարեցին, որ ոչ միայն տեղահանվածները, այլև արցախցին ոչ մի կերպ չի պատկերացնում իր ապագան բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերն ատելության թիրախ են։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը դիմեց ՌԴ նախագահին, ասելով․ «Մենք ձեզ հավատացել ենք, պետք է բացել Արցախի կյանքի ճանապարհը»։

«Լաչինով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է։ Ադրբեջանն անշուշտ ուզում է հայերից դատարկված Արցախ, և եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով՝ անելանելի պայմաններ ստեղծելով արցախցիների համար, ինչն այսօր անում է՝ կրակելով դաշտում աշխատող հայերի վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել», – ասաց Ավագյանը։

Ավելի վաղ ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրել են ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին։

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել էր, որ այսօրվանից Հայաստանում ևս կսկսվեն ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում այս օրերին համաժողովրդական շարժում է սկսվել: Հրապարակում վրաններ են տեղադրվել: Ադրբեջանն արդեն կես տարի է՝ փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, ինչի պատճառով լուրջ հումանիտար խնդիրներ են առաջացել: