Բաքուն պնդում է, թե ՄԱԿ-ի դատարանը վերահաստատել է «Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»

Բաքուն Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ընդունել է որպես «կանաչ լույս»՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խստացնելու համար։

«Մենք ողջունում ենք դատարանի որոշումը, որը հաստատում է Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը և ապացուցում է սահմանային անցակետը վերացնելու Հայաստանի պահանջի անհիմն լինելը։ Այսպիսով, հայկական կողմի՝ վերջին որոշման սխալ մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան փակուղային իրավիճակից ուշադրությունը շեղելու փորձ:

Լաչինի ճանապարհի մուտքի մոտ սահմանային անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի որոշումը նրա ինքնիշխան իրավունքն է՝ պաշտպանելու սահմանները։ Ադրբեջանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջազգային իրավունքի շարունակական և պատմականորեն լուրջ խախտումների համար Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացրել էր, որ Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը: