Եթե օգնել չեն կարող, գոնե թող չխանգարեն․ Արցախի ՄԻՊ-ը ՀՀ պաշտոնյաներին կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախի շահերին հակասող հայտարարություններից
Ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները ձեռնպահ մնային մեր ընդհանուր գործին և Արցախի շահերին խանգարող և ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններից։ Այս մասին Երևան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ ՀՀ որոշ իշխանական պաշտոնյաների և պատգամավորների հայտարարությունների մասին հարցին։
Պաշտպանի խոսքով՝ այդ հայտարարությունները հետո մեջբերում են միջազգային գործընկերները։
«Մեր պարագայում այդ իրավունքը հավասար է կյանքի իրավունքին։ ՀՀ հանրությունն ու պաշտոնյաները պետք է հնարավորինս պարզ հասկանան այն, ինչ տեղի է ունենում, սպառնալիքի լրջությունը, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ դա լիովին չի ընկալվում։ ՀՀ և անգամ սփյուռքի արձագանքը և հանգստությունն ինձ համար ընկալելի չեն»,- ասել է Ստեփանյանը։ Նա նորից կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախի շահերին հակասող հայտարարություններից՝ ավելացնելով, որ եթե օգնել չեն կարող, գոնե թող չխանգարեն։

