Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջև աչք փակելով՝ միջազգային հանրությունը դառնում է նրա հանցակիցը․ Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջև աչք փակելով՝ միջազգային հանրությունը դառնում է նրա հանցակիցը։ Այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Երևան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ։

Պետնախարարը ներկայացրել է իրավիճակը, որն ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր, ադրբեջանական կողմի կեղծ բնապահպանական ակցիան, Արցախի գազի և էլեկտրամատակարարման դադարեցումը, ինչի իրական նպատակը շրջափակման իրականացումն է և կապի դադարեցումը Հայաստանի հետ։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Արցախ էր մտել չնչին քանակի սնունդ, որն ընդամենը բավարարել էր բնակչության նվազագույն կարիքները: Բնականաբար այդ ամենին զուգահեռ կրճատվել էին մեր ներքին ռեսուրսները: Ավելի քան 20 օր է՝ արցախցի երեխաները, տարեցները, հղի կանայք զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են տարրական հիգիենայի պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին բուժհաստատություն տեղափոխելու հնարավորությունից: Առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին, իսկ շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից:

Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Հայաստանից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ ընդամենը մի քանի ժամ են ստանում էլեկտրաէներգիա»,-ներկայացրեց Արցախի պետնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է:

«Եվ այնուամենայնիվ, Արցախի ժողովուրդը չկոտրվեց և սպասում էր, թե երբ միջազգային հանրությունը կբացի աչքերը։ Հասկանալով, որ ժամանակն անցնում է, Ադրբեջանը զիջումներ պահանջեց, սկսեց հայտարարել ինտեգրման մասին, հրավիրել Բաքու՝ բանակցությունների։ Այս ամենն ուղեկցվում էր խաղաղ բնակիչներին կրակելով, ոստիկանների սպանություններով և սպանությունների փորձերով։ Հունիսի 15-ից Բաքվից հումանիտար փոխադրումների կազմակերպման կարգախոսի տակ դադարեցվել են ԿԽՄԿ և ռուսական խաղաղապահ զորակազմի փոխադրումները, ավելի ուշ հաջողվեց վերականգնել դրանք։ Եվ դրանից հետո ինչ-որ մեկին թվում է, թե կարող են անվտանգության երաշխիքնե՞ր լինել։ Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջև աչք փակելով՝ միջազգային հանրությունը նրա հանցակիցն է դառնում։ Այն անգամ չի հետևել Միջազգային քրեական դատարանի որոշման կատարմանը։ Մեզանից ավելի շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում։ Բայց պետք է հասկանալ, որ անհնար է խաղաղության հասնել Արցախի ժողովրդի ցեղասպանության ճանապարհով»,- ընդգծել է պետնախարարը։