Շնորհավոր Սահմանադրությանդ օրը, որբուկս

1991թ. Հայաստանի անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

2021 թ․ հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ։․․․ Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը»,-ասված է ուղերձում, որ տարածել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ինչպես նա շեշտել էր, նախատեսվում էր «սահմանադրական բարեփոխումներ», այժմ առաջարկում եմ հիշողության թարմացում իրականացնենք՝ հասկանալու համար, թե այս խոսքերից երկու տարի անց ինչ դրական փոփոխություններ են եղել, առհասարակ եղե՞լ են։

Սկսենք մեզնից՝ լրագրողական համայնքից, 2021 թ․ սեպտեմբերից խորհրդարանում լրագրողների աշխատանքը թույլատրվում է միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ եթե նիստերի ընթացքում հանկարծ որևէ դեպք, ծեծկռտուք է տեղի ունենում իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև, անվտանգության աշխատակիցները ԱԺ նախագահի հրահանգով ուժի գործադրմամբ դուրս են հանում լրագրողներին օթյակից՝ թույլ չտալով նրանց լուսաբանել հանրության համար, նիստի հեռարձակումը դադարեցվում է՝ եթե իշխող խմբակցության անդամները այդպես են ուզում, պատգամավորների հետ հարցազրույց վարելը, նրանց աշխատասենյակի մոտ հասնելը մնացել է հին ու բարի հիշողություն, քանի որ եթե պատգամավորը համաձայն չէ հարցազրույցին՝ լրագրողը իրավունք չունի հարցեր տալու, իսկ իշխող խմբակցությունում կան տասնյակ պատգամավորներ, որոնք 5 տարվա մեջ ոչ մի բառ չեն խոսել։

Փաշինյանը «Սահմանադրական բարեփոխումներին» ընդառաջ՝ դատավորներին «կոմպլիմենտ» արեց՝ նրանց անվանելով պատերի տակ վնգստացող դատավորներ։

Պրոֆեսիոնալ, բանիմաց, սակայն իրենց քիմքին ոչ հաճո դատավորների նկատմամբ հերթով սկսեցին գործեր կարել ու դադարեցնել լիազորությունները, շատ հեռու չգնանք, օրերս Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Ի դեպ, չնայած որոշման հրապարակումը դռնբաց էր, դատական կարգադրիչները թույլ չտվեցին լրագրողներին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է, սա ևս մեկ սահմանափակում, արգելք է լրագրողական համայնքի ներկայացուցիչների համար։

Սա դեռ ամենը չէ, «դատաիրավական բարեփոխումները» հասել են այն աստիճանի, որ ոստիկանները ծեծի են ենթարկում փաստաբանի, որը փորձել է փրկել իր պաշտպանյալին։ Խոսքը փաստաբան Կարել Ալավերդյանի մասին է։ Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Այսօր Փաշինյանի շնորհավորական ուղեձում նշվել է, որ  դատաիրավական համակարգում էական առաջընթաց կա, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր:

Բերեմ ընդամենը մեկ օրինակ, այսօր ապօրինի կալանավորված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի պատճառով, որ դուք, պարոն Փաշինյան, ձեզ օրենքից վեր եք համարում։

2023 թ․ հունիսի 15-ին ԱԺ-ում Փաշինյանը խոսելով ՀՀ զինանշանի մասին՝ հայտարարեց․ «Ի՞նչ է պատկերված այնտեղ՝ Նոյյան տապանը՝ Արարատ սարի վրա և Հայաստանի չորս դինաստիաների զինանշանները: Միշտ այդ զինանշանին նայելիս՝ ինձ մոտ հարց է ծագել՝ ի՞նչ կապ ունի զինանշանը 1991-ին հիմնադրված պետության հետ: Ինչի՞ մասին է այն: Նայելով կենտրոնին՝ կարելի է տեսնել Նոյյան տապանը Արարատ սարի վրա և Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում չի ապրում: Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի: Իրական Հայաստա՞նը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին»,

Հիշեցնեմ, Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանին, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը: Սա մեր պատմությունն է, մեր անցած ուղին է, որը ցույց է տալիս, թե ով ենք եղել ժամանակին, ովքեր են եղել մեր նախնիները։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը:

Իսկ եթե ոմանք չեն հասկանում կամ ընկալում զինանշանի վրա պատկերված սիմվոլները՝ կարող են իրենց համար այլ հայրենիք փնտրել ավելի «իմաստուն»,  զինանշանով, դրոշով և Սահամանադրությամբ, ոչ թե մեր՝ հայերիս պատմությունը խեղաթյուրել։

Օրինակները շատ են, սական չեմ ցանկանում Սահմանադրության օրը ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ վիճակում ենք գտնվում, քանզի բոլորս ամեն օր մեր մաշկի վրա ենք դա զգում, բայց փաստն այն է, որ դատաիրավական բարեփոխումները ոչ միայն չծառայեցին իրենց նպատակին, այլև այդ համակարգը տանում են դեպի քայքայման։

ՀՀ երրորդ նախագահը 2012 թվականի հուլիսի 5-ի իր շնորհավորական ուղեձում նշել է, որ «Սահմանադրության օրը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին։

Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման:

Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական և կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը և հասարակական կարգը լիովին հավասարակշռված են: Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, և բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների և իրականության մեջ առկա խզումը: Այս ճանապարհին մեր ամենահուսալի հենարանը դարձյալ Սահմանադրությունն է՝ նրա տառն ու ոգին»:

Ինչպես նկատել է ՀՀ երրորդ նախագահը, Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է և հասարակության արդյունավետ կապը պետության հետ, այս տողերը մեզ համար մնացել են հեռու անցյալում, հուսանք՝ մի օր իսկապես Սահմանադրությունը կծառայի իր տառին և ոգուն, մարդը կլինի գերագույն արժեք, իսկ դատաիրավական համակարգը՝ արդարադատությունը վերականգնելու միջոց, ոչ թե գործիք իշխանությունների ձեռքին։

Լուսինե Այրապետյան