Սերժ Սարգսյանի ժամանակ խրախուսված փոքր ու միջին ձեռնարկատիրություններին այս իշխանությունները քայքայման են հասցրել
Թեև այս կառավարությունը արձանագրում է, որ 2023 թվականին տնտեսական երկնիշ ցուցանիշ է ապահովել, և դա փորձում է ներկայացնել որպես կյանքի բերելավման ցուցիչ, այնուհանդերձ մասնավոր զրույցներում պարզ է դառնում, որ մարդկանց ապրուստն ավելի է դժվարացել՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված։ Այո, Փաշինյանի իշխանությունը պարբերաբար գլուխ է գովում, որ իրենք թոշակներ, նպաստներ ու աշխատավարձեր են բարձրացնում, բայց մյուս կողմից էլ մարդկանց ուղղակի կամ անուղղակի հարստահարում է իրականացվում օրենքի անվան տակ։ Խոսքը բոլոր մարդկանց հարկային դաշտ բերելն է՝ ստվերից հանելով նրանց եկամուտները, որին, ինչպես նշում են փորձագետները, մեր համակարգը պատրաստ չէ։ Սոցիալական տանելի վիճակում գտնվող հասարակության ուսերին հարկային լրացուցիչ բեռ դնելը գուցե պետական բյուջեի համար բարենպաստ է, բայց այդ մարդկանց եկամուտների համար բացասական ազդեցություն ունի։ Իսկ Հայաստանում անհամեմատ շատ քաղաքացիներ ցածր աշխատավարձով են ապրում, և անգամ չնչին հարկային բեռը չի կարող զգացնել չտալ, առավելևս, որ օրեցօր արձանագրվող գնաճը մյուս կողմից է հարվածում ընտանեկան բյուջեին։ Իհարկե, խրախուսելի չէ եկամուտները պետությունից թաքցնելը և ստվերային գործունեություն ծավալելը, սակայն պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի ստվերից դուրս գալը չվատթարացնի մարդկանց կյանքը, չխորացնի աղքատությունը։ Իսկ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը տարեցտարի խորանում է մեր երկրում։ Այնպես որ, երկնիշ տնտեսական աճ ապահովելը դեռ չի նշանակում բարելավել ժողովրդի կյանքը, նրանց սոցիալապես ավելի ապահով դարձնել։
Այս իշխանությունների վարած անփույթ, տգետ քաղաքականության հետևանքներից մեկն էլ այն է, որ երկրում ավելի ու ավելի է նոսրանում փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների շարքը, որովհետև պետությունն առանձնահատուկ ծրագրեր չի իրականացնում նրանց հետ կապված, և ՓՄՁ-ները կուլ են գնում խոշոր ձեռնարկատերերին։ Այնինչ հայտնի փաստ է, որ երկրի տնտեսությունը հիմնականում հենվում է միջին ձեռնարկատիրության վրա։ Հարկային ավելացված բեռը, խոշորներին տված արտոնությունները, խոշորների ու ՓՄՁ-ների նկատմամբ վարած գրեթե նույն քաղաքականությունը պարզապես ոչնչացնում է այդ ձեռնարկատերերին՝ վնասելով պետության տնտեսությանը։ Փակված ձեռնարկությունները ավելացնում են գործազուրկների և քաղցած ընտանիքների թիվը, քանի որ մեկ ՓՄՁ-ն մի քանի, այդ թվում՝ ձեռնարկատիրոջ ընտանիք է կերակրում։
Մինչդեռ հենց նախորդ իշխանությունների ժամանակ ներդրվեց ՓՄՁ հասկացությունը և նաև մի շարք կազմակերպություններ ստեղծվեցին նրանց շահերը առաջ տանելու, ՓՄՁ-ների համար հատուկ քաղաքականություն մշակելու համար։ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում էր այդ սեգմենտի գոյության կարևորությունը, այդ պատճառով նրա օրոք խրախուսվում էր փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ստեղծումն ու պահպանումը։ Նրանց համար որոշակի արտոնյալ պայմաններ էին ստեղծվում, անգամ այդ հանրույթի անդամների կողմից բարձրաձայնող բողոքները լսելի էին դառնում կառավարության կողմից և քայլեր էին ձեռնարկվում խնդիրները հարթելու համար։
Իր ելույթներից մեկում, անդրադառնալով ձեռնարկատերերի խնդրին, նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է ՓՄՁ-ների գոյության կարևորությունը՝ նշելով, որ պետական կառույցները պետք է ամեն ինչ անեն նրանց օգնելու, ոչ թե խոչընդոտելու համար․ «Նախ` մեկ անգամ ևս կցանկանայի շեշտել իմ մոտեցումները պետական մարմիններ-գործարար հատված հարաբերությունների վերաբերյալ: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ես խոսել եմ, ես ուզում եմ, որ մեր գործարարները, հատկապես փոքր և միջին բիզնեսով զբաղվողները և բոլոր նրանք, ովքեր սկսելու են մոտ ապագայում գործարարությամբ զբաղվել, հիշեն, որ պետությունը մյուս կողմում չէ, պետությունը գործարարի հետ միևնույն կողմում է: Եկեք մեկընդմիշտ ամրագրենք, բարձրաձայնենք ու էլ երբեք չմոռանանք, որ պետության ու մասնավորի շահը նույնն է, համընկնում է, և այդ շահն արագ զարգացող բիզնեսն է: Կարո՞ղ ենք այս մասին վերջնականապես պայմանավորվել, թե չէ: Եթե կարող ենք, ուրեմն եկեք ամրագրենք և առաջ շարժվենք:
Ես կարծում եմ, որ մենք նախևառաջ փոխադարձ վստահության ամրապնդման խնդիր ունենք: Համոզված եմ, որ ամեն ինչ սկսվում է հենց այստեղից և հաջողության հասնելու արմատներն էլ այստեղ են: Բայց, եթե այս հանդիպման ժամանակ համատեղ հռչակենք, որ անցնում ենք փոխադարձ վստահության մթնոլորտում աշխատելու գործելաոճին, դա դեռ ամենևին չի նշանակում, որ վաղը հարկային տեսուչի և շարքային կրպակատերի հանդիպումը զերծ է լինելու բոլոր վախերից, հակակրանքներից կամ տհաճ վերաբերմունքից: Մենք սա էլ պետք է պատկերացնենք, հաշվի առնենք, որպեսզի հիասթափման հանգամանքներն էական նշանակություն չունենան: Չնայած, մենք շատ ժամանակ չունենք, բայց բավականին անելիքներ ունենք այս ուղղությամբ: Մենք վերաբերմունքի փոփոխության խնդիր ունենք, և այն ոչ միայն պետությանն է, այլ նաև` բիզնեսինը:
Նախ, գործարարի հետ այս կամ այն կերպ շփվող պետական ծառայողն ամեն օր աշխատանքի պետք է ներկայանա այն համոզմամբ, որ իր գործը ծառայություն մատուցելն է: Եթե բառիս բուն իմաստով այս մոտեցումը չդառնա համոզմունք, հարկայինում, մաքսայինում և ընդհանրապես բոլոր այն համակարգերում, որոնք շփվում են բիզնեսի հետ, մենք չենք կարող լուրջ հաջողությունների հասնել: Ձեռնարկությունների գրանցման, լիցենզավորման և այլ խնդիրներով աշխատող պետական պաշտոնյան, հարկային և մաքսային տեսուչը գործը պետք է սկսեն այն տրամադրվածությամբ, որ գնում են բիզնեսին գրանցման, լիցենզավորման, մաքսազերծման կամ հարկային պարտավորությունների կատարման ծառայություններ մատուցելու: Մեկ անգամ ևս շեշտում եմ` ծառայություններ մատուցելու: Ես տեսնում եմ որոշ գործարարների դեմքի արտահայտությունը, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ իմ մոտեցումներն այսուհետ ևս լինելու են ադպիսին»։
Այսպիսին էր նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը, և նա վստահ էր, որ ժամանակի ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկրում հավասարաչափ զարգացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանրումիջին ձեռնարկատիրությունը, որը այսօր մահամերձ հիվանդի կարգավիճակում է։
Թագուհի Ասլանյան

