Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում։
«Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին», – հայտնել են մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։
Դրանից հետո ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

