ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ հարցին՝ ինչ պետք է անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում քննվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես նշեց. «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա և որ ամենակարևորն է, մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարեմ, որ Հայաստանը  պատրաստ է գնալ կոմպրոմիսների, և  օգտվելով այս առիթից՝ ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել  հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար:  Ասացի, որ համաձայն եմ՝ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած  դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները,  որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ և նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վ. Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիևի հետ:

Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի, ակնկալում է, որ  առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ և իրենք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին և Ասկերովին, հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել:

Ընդ որում այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման ու պարտավորություն չպետք է լիներ: Ասացի՝ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ  ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո նույնիսկ եթե ես  համաձայնեմ զորքերի նահանջին,  ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի դեպքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը  հնարավոր է: Այսինքն ԼՂ-ը, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից ադրբեջանցիների ջուր վերցնելուն, Ասկերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադարի առաջարկը լիարժեք ընդունելի է:

Մեր հաջորդ խոսակցության ժամանակ, որ տեղի ունեցավ կրկին հոկտեմբերի 8-ին, ՌԴ նախագահը հաղորդեց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա, խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ:  Նաև պետք է փոխանակվեին գերիները և զոհվածների աճյունները: Ես համաձայնեցի այս առաջարկին: Մեր խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներից հետո ՌԴ նախագահը դիմում է ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար նկատառումներով դադարեցնելու կոչով: ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա:

Հոկտեմբերի 9-ին սկսվեց ԱԳ նախարարբների եռակողմ հանդիպումը, որն ավարտվեց լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետևյալ հայտարարությամբ. «Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի և համապատասխան՝ ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի պայմանավորվածությունների, կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված հարցերի շուրջ.

2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12.00-ից մարդասիրական նկատառումներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար ԿԽՄԿ-ի միջնորդությամբ  և վերջինիս չափանիշների համաձայն: Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:

Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»:

Այս հայտարարութունն ընդունելի էր մեզ համար և բնականաբար, հայտարարության ընդունումից հետո ՊՆ-ին և գլխավոր շտաբին հրահանգ եղել է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում այդ ռեժիմը, այլև ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն նախկին ԼՂԻՄ տարածքի վրա՝ հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ:

Իհարկե, զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար, բայց զուգահեռ դիվանագիտական ջանքեր էին գործադրվում համաձայն մոսկովյան փաստաթղթի՝ հրադադար հաստատելու և այն պահպանելու ուղղությամբ: Որպես այդպիսին դիտարկվում էր շփման գծի երկու կողմերից ռուս  ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետևեն իրադրությանը և կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները: Ադրբեջանն անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց և ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները:

Հետագա օրերին ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է հետևյալը. ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատման և պահպանման, ինչ է պետք դրան հասնելու համար: Ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա՝ ներդնել անհրաժեշտ ջանքեր:

Մեր ներքին քննարկումների ժամանակ իմ եզրակացությունը եղել է հետևյալը. մինչև ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի, նա չի համաձայնելու հրադադարին: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն էր և հասկանում էի, որ եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի  թատերաբեմում իրադրությունը այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը  մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետև հրադադարի մոսկովյան բավականին հավասարակշռված հայտարարությունից հետո անցնում էին օրեր, բայց հրադադար հաստատել չէր հաջողվում:

Առաջին անգամ հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին՝ ինչ պետք է անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն խնդրի շուրջ Պուտինի հետ մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ  կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցինք, որ հանձնարարենք, որ թիմերը աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»: