Ոստիկանությունում բռնության ենթարկված փաստաբանը մանրամասներ է հայտնում

«2023 թ. հունիսի 7-ին ժամը 16։00-ին ես և պաշտպանյալս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում իմ պաշտպանյալի և իր ընկերոջ միջև, որը նույն գործով նույնպես մեղադրյալ է, անձնական բնույթի հարցերի շուրջ խոսակցություն է առաջացել, որը հանցակազմի որևէ հատկանիշ չի պարունակում։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, հակաիրավական որևէ բան չի եղել դատարանում։ Նիստի ավարտից հետո դատարանի մայթով քայլելու ընթացքում փաստաբանին ու իր պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին դեպքի մասին մանրամասներ պատմեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում բռնություն է գործադրվել։

«Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ոստիկաններից ով ինչ դատավարական գործառույթ է իրականացնում, և ի վերջո, ով է որոշում կայացնողը, ում հետ պետք է շփվել։ Ընդհանուր իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն պատկերացնել, որևէ իրավական գործընթաց սկսել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ի վերջո հասկացել են, որ ոստիկանության աշխատողները ցանկանում են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին, թեև քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն իրենց կամքին հակառակ։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայության ավտոմեքենան, ընդ որում գործողությունը կատարվել է պարեկային ծառայության կողմից, որի աշխատակիցների վրա ամրակացված են տեսախցիկներ։

«Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Ի վերջո, համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Ընդ որում, ինչու 5-6 ծառայող, որովհետև տղայի կողքին էլ տեղ չկար, հակառակ դեպքում էլի մարդիկ կհավաքվեին։ Այդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ։ Ոստիկաններին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա, չեմ կարող որակել։ Ուսադիր, համազգեստ կրող ծառայողին ոչ հարիր վարքագիծ էր»,-ասաց նա։

Կարեն Ալավերդյանի խոսքով՝ ջանքեր գործադրելով՝ հաջողվել է իրավիճակը հանդարտեցնել, վերադառնալ իրավական փուլ, ոստիկանները դուրս են եկել  սենյակից, մնացել է միայն մեկը, որը դատավարական գործողություն պետք է իրականացներ։
«Իրավիճակը դարձել էր կառավարելի, այնքան, որ ես թույլտվություն եմ հարցրել ու ծխախոտ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության ծառայողը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա։ Անմիջապես դուռը բացվեց, այդ խումբը ներխուժեց աշխատասենյակ, ինձ հեռացրեցին սենյակից, կարող եմ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա՝ հավելելով, որ քանի որ դա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, իր մոտ համոզմունք է առաջացել, որ տեղի ունեցածը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված վերադասների հետ։

Նրա կարծիքով, ոստիկանները զեկուցել են, որ փաստաբանն արձանագրել է խոշտանգման դեպք, ինչի հետևանքով որոշել են փաստաբանին ևս մեկուսացնել։

«Ինձ աշխատասենյակից դուրս հանելուց հետո պահանջ ներկայացրեցին ոստիկանության շենքը թողնել։ Ես առարկել եմ, ամեն կերպ փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ։ Այստեղ իմ նկատմամբ կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ, իմ կողմից որևէ հակաիրավական գործողություն չի կատարվել, որ հնարավոր կլիներ ձերբակալում իրականացնել։ Շատ հանկարծակի, առանց հիմքի, անհրաժեշտության, իմ նկատմամբ կիրառվել է անհարկի ուժ, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ»,-ասաց Ալավերդյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ եղել են բազմաթիվ խախտումներ, չի եղել հիմնավոր կասկած, փախուստի դիմելու նպատակ, ձերբակալման արձանագրությունը կազմվել է իրեն արգելանքի վերցնելուց 50 րոպե անց, իրեն չի հանձնվել արձանագրության պատճենը, տեղի ունեցածի մասին տեղյակ չեն պահել ՓՊ-ին, ինչն օրենքի պահանջ է։