«Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Մանե Թանդիլյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։

Քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենք տրամադրված են Երևանում շռնդալից հաղթանակի։

«Առանց ավելորդ համեստության` այդ հնարավորությունները տարբեր ձևաչափերով դիտարկել ենք, և մենք տեսնում ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը շուտով ներկայացնելու ենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ընտրություններում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։