Պետք է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից․ Շառլ Միշելը՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ
«Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև խնդիրների կարգավորման քննարկումների շարունակությանը Քիշնևում»,-«Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախագահ Շարլ Միշելը։
Նրա խոսքով, այն շատ կարևոր է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը հաստատելու և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար:
«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ կարևոր է:
Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և երկխոսության նպատակ հետապնդել։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով, «Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի, և հայկական զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից»։
Ադրբեջանի նախագահն ասել է, եթե համաձայնագիրը չստորագրվի, Ադրբեջանը խնդիրներ չի ունենա. «Որովհետև մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք բանակցային սեղանի շուրջ, մենք ամուր դիրք ունենք սահմանին։ Նույնիսկ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու, մենք կապրենք խաղաղության և անվտանգության մեջ»։

