Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա. ՌԴ ԱԳՆ

Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա, ընդ որում՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման մասին հարցին՝ նա նշել է, որ «հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը, մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխանգարենք դրա առաջմղմանը»։ «Բաքուն և Երևանն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն և հուսալի խաղաղություն իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում՝ հասկանալի է, խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանը համակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ «2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ պատրաստման կարևորությունը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինը համոզված է, որ «այդ համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնեցրած եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»։ «Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,- նշել է նա։ Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է «կողմերին գտնել շփման կետեր, իրենց համար ընդունելի ձևակերպումներ և փոխզիջումներ»։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև սպասվում է եռակողմ հանդիպում։