ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ ընդդիմության առաջարկները նոր պատերազմի և կորուստների մասին էին
«Մեր ժողովուրդը, իշխանությունը ու քաղաքական համակարգը պետք է ընտրություն կատարեն՝ խաղաղությո՞ւն, թե պատերազմ, ընդ որում պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ,- այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։- Հաշվի առնելով նաև Ռուսաստանի այսօրվա վիճակը, պատկերացնելով, թե նրա հնարավոր աջակցության չափն ինչպիսին կարող է լինել: Նաև գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում արցախյան հակամարտության մասին։ Գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման մասին:
Այս իրավիճակում պետք է մենք որոշում կայացնենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնում ենք նոր պատերազմի՞՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը, սա է կարևոր։
Մենք պետք է ընտրություն կատարենք ՝ պատերազմի և արկածախնդրության ու խաղաղության միջև։ Պատերազմն ու արկածախնդրությունը բերելու է Հայաստանի անկախության կորստի վտանգի և տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման, բազմատեսակ կորուստների:
Մենք կարծում ենք, որ պետք է շարժվել խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի։ Օրակարգում չկա այլ տարբերակ», – նշեց Պապոյանը։
Պատգամավորն ասաց, թե նախօրեին լսել է ընդդիմադիր պատգամավորներին. «Երեկ լսում էի ընդդիմադիր պատգամավորներին, ուզում էի մի հուշող բան, մի լավ բան լսել, որ գնայինք կուսակցությունում քննարկեինք դա, ասեինք՝ սենց բան են ասել, գուցե սա էլ փորձենք: Ցավոք սրտի, նրանք ոչինչ չառաջարկեցին: Իրենց առաջարկները կա՛մ ոչնչի մասին էին, կա՛մ անուղղակի նոր պատերազմի և կորուստների մասին էին։ Միգուցե դա նրանցից ոմանց ձեռք է տալիս, որովհետև նրանց խնդիրը Հայաստանը կառավարելն է, ոչ թե ՀՀ-ն, իսկ Հայաստանը կարող է լինել նաև ցանկացած երրորդ պետության կազմում՝ որևէ կարգավիճակով։ Ինձ համար ամենակարևորը Հայաստանի Հանրապետության լինելիությունն է», – հայտարարեց Գևորգ Պապոյանը։

