Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը շարունակվելու է Քիշնևում, որին միանալու են Մակրոնն ու Շոլցը. ԱԽ քարտուղար

Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում, որին միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

«Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,-ասաց նա:

Լրագրողը հետաքրքրվեց, թե Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում ի՞նչ առաջընթաց է գրանցվել, որի մասին նշել է ամերիկյան կողմը։ ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել և պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամուլի հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ և աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:

Արմեն  Գրիգորյանը նշեց, թե որ դեպքում է հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը․ «Բնականաբար, պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, դա պարտադիր է: Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է այդ պայմաններում: Ինչ վերաբերում է միջազգային երաշխավորների ինստիտուտին, բանակցություններն ընթանում են, և եթե լուծում գտնենք, ապա առաջ կշարժվենք: Այս պահին վերջնական լուծում չկա»: