Մոլորվա՞ծ, թե՞ մոլորեցնող․ ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը․ Վաշինգտոնում հանձնվե՞լ է Արցախը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

«Հետևում էի այն բանակցություններին, որոնք տեղի էին ունենում Վաշինգտոնում, ինչպես նաև այն իրադարձություններին, որ այդ նույն ժամանակ տեղի են ունենում Երևանում՝ ԱԺ-ում, ինչպիսի ելույթներով էին հանդես գալիս Նիկոլ Փաշինյանն և իր թիմակիցները։ Անկեղծ ասած, մենք ինչ-որ նոր բան չլսեցինք այդ ելույթների ընթացքում, բայց ես ինձ համար շատ կարևոր հաստատում լսեցի, որովհետև օրեր առաջ Վաշինգտոնում կայացած հանդիպումների հենց առաջին օրվանից հետո, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն էի ստացել այդ գործընթացի մասին, թե ինչ է քննարկվել բանակցությունների առաջին օրը և ինչի մասին է այդ բանակցություններն ըստ էության վարում Վաշինգտոնը։ Ես հրապարակեցի, իհարկե, որովհետև կարծում եմ, որ մեր հասարակությունը, մեր հանրությունը պարտադիր պետք է տեղյակ լինի, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում, լինի դա Մոսկվայում, թե այլ ուժային կենտրոնի մայրաքաղաքում, և ըստ էության, ըստ իմ տեղեկությունների՝ հետևյալն է, որ առաջին իսկ օրվա ընթացքում ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը փաստացի հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, պատրաստ են ցավալի զիջումների», – անդրադառնալով Վաշինգտոնում 4 օր տևողությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպմանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, թե բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց և խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է՝ ընդգծեց միջազգայնագետը։ Նրա խոսքով՝ ցավալի զիջում ասելով հայաստանյան իշխանությունները նկատի ունեն Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի փոխարեն Ադրբեջանը պարզապես բանավոր խոստում է տալիս, որ նկրտումներ չի ունենա ՀՀ տարածքի հանդեպ։

Հաղորդման շրջանակներում Անդրանիկ Հովհաննիսյանը վերլուծեց նաև Փաշինյանի՝ ԱԺ-ում գեներացված մտքերը, դրանց վտանգներն ու հետևանքները՝ այդ ամենը որակելով կամ մազոխիզմի դրսևորում կամ հստակ ապացույց, որ, ըստ էության, որոշումներ կայացնողը ինքը չէ, կան ուրիշ ուժեր, ովքեր իրեն ուղղորդում են, կամ էլ 2-ը միասին։

Խոսել ենք նաև Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Փաշինյանի հայտարարությունների մասին, մասնավորապես, թե ինչու մինչ օրս դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, ինչ հարթակ է ձևավորվել ընդդիմության հետ Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան քննարկելու համար, որի մասին կամ ակնարկում էր, կամ հերթական անգամ մանիպուլացնում Փաշինյանը։

Միջազգայնագետը նաև անդրադարձ կատարեց Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանն ու հնարավոր սպասելիքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ամերիկայի ձայնը»-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերին, որը հերթական անգամ ապացուցում է, որ Փաշինյանը ստում է:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում