Չեմ ցանկանում, որ «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել է Տեղական ինքնակառավարման մարմինը, որոշումը պետք չէ դիտարկել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Այս մասին Թուրքիայում, տեղի լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում, ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Արձանի տեղադրման որոշումը կայացվել է Տեղական ինքնակառավարման մարմնում, ես չեմ ուզում, որ այն այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանի պետական արտաքին քաղաքականությունն իրականացնում է վարչապետը և արտգործնախարարը, և այդ մակարդակի որոշումներին բոլորդ ականատես եք»,- նշեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պետք է հասկանանք՝ ցանկության դեպքում միշտ հնարավոր է առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու համար։ Անգամ հենց ինքը՝ Սիմոնյանը, կարող էր հազար պատճառ գտնել Թուրքիա չմեկնելու համար։

«Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Հայաստանը հարաբերությունների կարգավորման իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, որոշում հարաբերություններ հաստատելու, պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ։ Հուսով եմ՝ թուրք գործընկերները ևս առաջ կգնան, և մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին բացվել է 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: «Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած  այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի  հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝  Նեմեսիսի անունով: 

Դրանց հետո Թուրքիան փակեց օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար՝ հուշարձանի տեղադրումը որակելով որպես սադրիչ քայլ: