Հրդեհված կացարանի զինծառայողների ծնողները փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի և Պապիկյանի հետ

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում։

Ծնողներին մոտեցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ծնողները նշում են, որ չեն հավատում առաջ քաշված պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ իրենց երեխաներն իրականում դիտավորության հետեւանքով են զոհվել։

«Մենք պետությանը երեխա ենք տվել ու հիմա պահանջում ենք իմանալ, թե ինչու այսպես ստացվեց։ Դեպքի վայրում անփույթ վիճակ է, ԱԻՆ-ը փնթի է աշխատել, չի նկարել իրենց, մեզ խաղացնում են մատների վրա, ասում են կեսը պառկած է եղել, կեսն ասում են՝ ոչ»,- մարզպետի հետ զրույցում ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը։

Մարզպետը կոչ արեց ծնողներին բացել ճանապարհը եւ զրույցը շարունակել իր աշխատասենյակում։

«Այն մարդիկ, որոնք անպատասխանատու հայտարարություններ են անում, ստանալու են իրենց արժանի գնահատականը, բայց այս գործողությամբ որեւէ բանի չենք հասնելու»,- ասաց Սարգսյանը։