Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն․ Փաշինյան
Իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորը անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:
Իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով: Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ:
Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:
Ասեմ նաև, որ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, իրականությանը չեն համապատասխանում, և մենք դա կարող ենք ապացուցել: Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»,- ասաց Փաշինյանը:

