Ադրբեջանի ՊՆ-ն «մոռացել է», որ հենց երեկ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը առաջարկեց Ադրբեջանին ռազմաքաղաքական դաշինք ձևավորել ընդդեմ Իրանի․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել Է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիոմերս Հեյդարին: Ադրբեջանի ՊՆ֊ն Հեյդարին մեղադրում է զրպարտչական հայտարարություններ անելու մեջ:
«Իր անհեթեթ հայտարարության մեջ Հեյդարին պնդում է, որ Ադրբեջանում կան «սիոնիստական» ուժեր, և որ Ադրբեջանն օգտագործել է 44-օրյա պատերազմի ժամանակ Սիրիայից բերված ԻԼԻՊ ահաբեկիչներին, և որ նրանք մինչ օրս գտնվում են երկրում: Ընդ որում, նա ասում է, որ Հայաստանի հետ սահմանին փոփոխություններ Իրանը թույլ չի տա։
Նախ, հայտարարում ենք, որ իրանական կողմի` Ադրբեջանի տարածքում որևէ օտար ուժ ունենալու մեղադրանքն անհիմն է և միանգամայն անընդունելի: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում բացակայում են օտար տարրեր։ Հիշեցնենք Հեյդարիին, որ Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։
Այս ռազմական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է նաև ադրբեջանա-իրանական պետական սահմանի 137 կիլոմետրանոց հատվածը։ Սակայն իրանական կողմը Հայաստանի նկատմամբ երբևէ վարկաբեկիչ հայտարարություններ չի արել։ Ընդհակառակը, այս շրջանում իրանա-հայկական եղբայրությունն ամրապնդվեց։ Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում ունի երկու գլխավոր դաշնակից, որոնցից մեկը Ֆրանսիան է, մյուսը՝ Իրանը։
Ադրբեջանի Հանրապետությունը պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և չի միջամտում պետությունների ներքին գործերին»։
Ադրբեջանի ՊՆ-ն «մոռացել է», որ հենց երեկ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը առաջարկեց Ադրբեջանին ռազմաքաղաքական դաշինք ձևավորել ընդդեմ Իրանի։
Ավելին, օկուպացված Կովսականում նույն 137 կիլոմետրանոց սահմանի երկայնքով Ադրբեջանն ապահովել է Իսրայելի ռազմական ու հետախուզական ներկայությունը։ Իսկ տարածքային ամբողջականության մասին ցինիզմը փայլուն դրսևորվում է նրանում, երբ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Իրանի որոշ տարածքներ՝ «Հյուսիսային Ադրբեջան»»։

