ՌԴ-ն ներգրավված չէ Վրաստանի անկարգություններին և օտարերկրյա գործակալների մասին օրենքին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովն անդադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ «օտարերկրյա գործակալների» մասով օրենքի ընդունման առնչությամբ երկրում ստեղծված իրավիճակին։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ներգրավված չէ Վրաստանի անկարգություններին և օտարերկրյա գործակալների մասին օրենքին, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ոչինչ չի ոգեշնչվել Կրեմլից, Կրեմլը բացարձակապես կապ չունի դրա հետ», – լրագրողներին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե նման օրինագիծը ներշնչված է Կրեմլից։

Պեսկովը նաև հիշեցրել է, որ նման օրենքների կիրառման «ռահվիրաները» ԱՄՆ-ում են։

«Եվ նույնիսկ (վրացական) օրինագծի տարբերակներից մեկը, եթե ճիշտ ենք հասկանում, շատ նման էր ԱՄՆ-ի համանման օրենքին, երկրորդ տարբերակը ավելի քիչ նման էր ԱՄՆ օրենքին, իր էությամբ շատ ավելի մեղմ էր։ Բայց, իհարկե, ո՛չ մեկի, ո՛չ մյուսի հետ մենք կապ չունենք»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև ընդգծել է, որ չնայած ՌԴ-Վրաստան հարաբերություններն այդքան էլ լավ չեն, այնուամենայնիվ, այնտեղ ստեղծված իրավիճակը չի կարող ռուսական կողմին չանհանգստացնել։

«Իհարկե, մեզ համար կարևոր է, որ մեր սահմանի երկայնքով հանգստություն լինի։ Հույս ունենք, որ իրավիճակը կշտկվի»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ, ըստ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի, շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20 %-ից ավելին ստացվի արտերկրից։ Նման կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, հակառակ դեպքում կտուգանվեն։

Վրաստանի խորհրդարանն այսօր հետ է կանչել օրինագիծը։