Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արձագանքը մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային՝ իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։
«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք», – գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կլաարը նախօրեին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Ես վերադարձա Բաքու։ Անհամբեր սպասում եմ բովանդակալի հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Այսօրվա ճակատագրական միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը»:

