Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել` փոխհատուցում պահանջելով
Ադրբեջանը, համաձայն Էներգետիկ խարտիայի համաձայնագրի, Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանական կողմը հայկական կողմին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ ՀՀ-ից ֆինանսական փոխհատուցում է պահանջել 1991-ից 2020 թվականներին Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների գրեթե 30-ամյա ապօրինի օկուպացիայի ընթացքում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար»:
Հայաստանը «խախտել է» Էներգետիկ խարտիայի պայմանագրի բազմաթիվ դրույթներ և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ՝ Ադրբեջանին զրկելով էներգառեսուրսները Ղարաբաղի տարածաշրջանում օգտագործելու հնարավորությունից, «ապօրինի կերպով» դրանք շահագործելով իր շահերի համար, ինչպես նաև զրկելով Ադրբեջանին էներգետիկայի հետագա զարգացման հնարավորությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

