Հաագայի դատարանի որոշման իրականացման միակ ճանապարհը Ադրբեջանի վրա մաքսիմալ ճնշումն ավելացնելն է
ՄԱԿ-ի դատարանի որոշումն իրականացնելու համար Հայաստանը պետք է դիվանագիտության, քաղաքական լծակների միջոցով շարունակաբար հետևողական լինի այս հարցով։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից: Որոշման մեջ նշվում է, որ այն ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այսինքն այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման ժամանակավոր միջոց, ու դա նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի։ Ժամկետ չնշելը նշանակում է, որ անմիջապես պետք է գործել»,- նշեց նա։
Նա խոսքով, այս աշխատանքը չպետք է կտրված լինի դիվանգիտական կամ քաղաքական աշխատանքից, ընդհակառակը՝ իրավական այս գործընթացները պետք է նաև համատեղվեն դիվանագիտական և քաղաքական աշխատանքով:
«Միջազգային իրավունքում կամ միջազգային հարաբերություններում դատարանների որոշումներն ու դրանց ի կատար ածումը շատ տարբերվում է ներպետական դատարանների որոշումների կատարման գործընթացից։
Ներպետականի դեպքում ունենք դատական ակտերի կատարումն ապահովող ծառայություն, իսկ միջազգային իրավունքում ու միջազգային հարաբերություններում չունենք նման ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը, բնականաբար, քաղաքական է, և այդ պրոցեսը ենթադրում է նաև աշխատանք»,- ասաց Կիրակոսյանը։, նշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և նաև որոշումների կատարման ապահովման ուղղությամբ որոշակի պատասխանատվություն կրող մարմինը ՄԱԿ Անվտանգության խորհուրդն է. «Դա այն մարմինն է, երբ որ խնդիր առաջանա, հարցը պրոբլեմային դառնա, պետք է միջամտի կամ իրավասու լինի միջամտելու գործընթացին։ Ինքներս էլ հասկանում ենք, որ Անվտանգության խորհրդի միջամտությունն այսօր բարդ է, որովհետև կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց տրամաբանությամբ, հարցի քաղաքականացվածությունը, կարծում եմ, շատ բարձր է։ Բայց մինչև դրան հասնելը, կարծում եմ, շատ այլ միջոցներ կան իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա։
«Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, դրանք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը դա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք», – ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։
Նրա գնահատմամաբ, որոշումն իրավաքաղաքական առումով կարևոր է, քանի որ բացի եռակողմ հայտարարությունից, ստացվում է՝ ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի միջանցքում անխափան անցնելու հանգամանքը կամ Ադրբեջանի՝ դա ապահովելու պարտավորությունը։
«Հայաստանը թե դիվանագիտական միջոցներով, նաև քաղաքական հնարավոր լծակներով պետք է շարունակաբար հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը,- ասաց Ե. Կիրակոսյանը։ -Բոլոր հնարավոր տարբերակներով պետք է այս հարցի մասին բարձրաձայնվի։ Միակ ճանապարհը նմանատիպ ուղղությամբ աշխատելու միջոցով մաքսիմալ ճնշումն ավելացնելն է, և անհրաժեշտության դեպքում, իհարկե, էդ իրավական մեխանիզմները գործադրելն է, եթե դրա համար անհրաժեշտ քաղաքական, էսպես ասած, «պայմանները» հնարավոր լինի ապահովել»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Նա հայտնեց, որ ժամանակավոր միջոցը կամ որոշումը ուժի մեջ է լինելու մինչև դատարանը վճիռ կայացնի։

