Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, «Ալֆայի Չիկո» անունով հայտնի Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից։
Հիշեցնենք, որ 7 ամիս Ա. Գասպարյանի կալանքից ազատվելու հարցը չէր լսվել։ Հունվարի 30-ին կայացած նիստի արդյունքում ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանը մերժեց գրավի դիմաց Գասպարյանին ազատելու միջնորդությունը։
Արամ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը:
Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Մերուժանի Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության և քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Դրանից բացի, Արամ Գասպարյանը, պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Եղիազարյանից և ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի ավագ մասնագետ Արամայիս Հարությունի Պողոսյանից ստացել և առանց անձանց համաձայնության հավաքել ու պահել է նրանց վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ:
Նույն գործով Հայկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունցի ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով պետության և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

