Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում

Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում։ Այս մասին Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։

Պաշտոնական այցով Երևանում գտնվող նախարարը նշեց, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգն ու միջազգային հարցերը։ Ասելբորնը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը։

«Լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու համար։ Որոշեցինք ոչ ռեզիդենտ դեսպան նշանակել, որը կլինի Ալեն դե Մյուզյեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեսպանի հայրը նույնպես դիվանագետ է եղել, իսկ Ալեն դե Մյուզյեն փոքր տարիքում եղել է Հայաստանում։ Նախարարը ցանկություն հայտնեց, որ Լյուքսեմբուրգի դեսպանը և Նիդեռլանդներում ու համատեղության կարգով Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանը միաժամանակ նպաստեն հարաբերությունների զարգացմանը։