Ասադը Սիրիայի կառավարության շտապ խորհրդակցություն է հրավիրել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի կառավարության շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվում է երկրաշարժի պատճառած վնասի հարցը, տեղեկացրել է Սիրիայի նախագահի գրասենյակը։

«Նախագահ Բաշար Ասադը գլխավորում է նախարարների խորհրդի խորհրդակցությունը, որտեղ քննարկվում է երկրաշարժի պատճառած վնասի և անհրաժեշտ միջոցների հարցը»,- նշվել է գրասենյակի հայտարարությունում։

Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝  զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաև Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։