Իրանն ու Սիրիան քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացումը
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը։ Այս մասին գրում է IRNA-ն:
Բաղերին և Աբասն այսօր Թեհրանում քննարկել են երկկողմ հարաբերությունները և համատեղ համագործակցության զարգացումը երկու բարեկամ երկրների և նրանց ժողովուրդների շահերն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում Բաղերին կարևորել է իրանա-սիրիական հարաբերությունների խորությունը՝ նշելով, որ Սիրիան իր անսասան ղեկավարությամբ, ժողովրդով և բանակով կանխել է դավադրությունները, հաղթել ահաբեկչությանը և պաշտպանել իր անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը։
Բաղերին Աբասի այցը Թեհրան կարևորել է երկու երկրների միջև համակարգման և խորհրդակցությունների բարելավման համար՝ ընդգծելով Իրանի շարունակական աջակցությունը Սիրիային տարբեր ոլորտներում։
Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավարն իր հերթին ասել է, որ երկու երկրների սերտ համագործակցությունը արդյունավետ են եղել ահաբեկչության ագրեսիվ ծրագրերի տապալման հարցում, և ահաբեկչության դեմ հաղթանակը համատեղ հաղթանակ է, քանի որ սիրիական և իրանական արյունը խառնվել է սիրիական հողի վրա։
Աբասը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը ահաբեկչության դեմ պատերազմում Սիրիային աջակցելու համար՝ ընդգծելով շարունակական համագործակցության, խորհրդակցությունների և համակարգման կարևորությունը։

