Թուրքիան Կիպրոսի նավերին թույլ չի տալիս մասնակցել ցորենի գործարքին. Կիպրոսի ԱԳՆ0
Թուրքիան կիպրոսյան գրանցում ունեցող նավերին թույլ չի տալիս մասնակցել ցորենի սևծովյան նախաձեռնության իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոանիս Կասուլիդիսը Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Արտաքին գործերի նախարարը, ողջունելով սևծովյան ցորենի վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնության վերականգնումը, մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Կիպրոսը չի կարող մասնակցել այդ նախաձեռնությանը կիպրոսյան նավերի վրա Թուրքիայի դրած արգելքների պատճառով»,- նշվել է կղզեպետության ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ուկրաինայից պարենի արտահանման մասին համաձայնագրերը կնքվել են հուլիսի 22-ին Ստամբուլում, 120 օրով։ Պայմանավորվածություններից մեկը նախապես գործելու էր մինչև նոյեմբերի 19-ը և կարգավորում էր Կիևի կողմից վերահսկվող Օդեսայի, Չեռնոմորսկի և Հարավային նավահանգիստներից ցորենի դուրսբերման կարգը։ Պայմանավորվածությունները նոյեմբերի 17-ին երկարացվել են հերթական 120 օրով։ ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ գործարքը երկարացվել է ինքնըստինքյան, նկատի ունենալով այն, որ մասնակցող կողմերն (Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա և ՄԱԿ) առարկություններ չունեն։

