Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները. Իրանի խորհրդարանի նախագահ

Ադրբեջանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, գրում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Այսօր երկու երկրները ձգտում են զարգացնել և խորացնել հարաբերությունները, և ես վստահ եմ, որ երկու երկրների պաշտոնյաները մեծ ցանկություն ունեն զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա՝ ընդգծելով․ «Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզում, և որքան մոտ լինեն տարածաշրջանի երկրները, այնքան լավ տարածաշրջանի համար, և ոչ տարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն այս հարցում»:

«Մենք չենք ընդունում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները (կովկասյան տարածաշրջանում)»,- ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը «հստակ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, և մենք պատրաստ ենք զարգացնել առևտրային և տարանցիկ փոխանակումները»։

Գաֆարովան, իր հերթին, ասել է, որ երկու երկրներին միավորում է ոչ միայն աշխարհագրությունը և սահմանների մոտ լինելը, «մենք մուսուլման ենք, և Իրանի բնակչության մեծ մասը խոսում է ադրբեջաներեն»։

«Երկու երկրների միջև համագործակցության շատ ոլորտներ կան, սակայն կան տարբեր խնդիրներ, որոնք ազդում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Մենք աջակցում ենք խաղաղությանն ու անվտանգությանը և ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի», – եզրափակել է նա: