Հայաստանում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանում Արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։

Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նախագծով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին կից պետական կառավարման մարմին։

«Հայաստանի անվտանգության համար այս ինստիտուտը կարևոր դեր է կատարելու։ Որևէ նշանակություն չունի՝ քաղաքական գործիչն այս պահին իշխանությա՞ն, թե ընդդիմության մեջ է։ Երկարաժամկետ կտրվածքով այս ինստիտուտը ծառայելու է ՀՀ-ին ու, եթե որևէ քաղաքական գործիչ իրեն պատկերացնում է իշխանության մեջ, ապա շատ մեծ կարևորություն պետք է տա այս ինստիտուտի կայացմանը»,– նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ներկայացված փաթեթով արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։

Գրիգորյանը հայտնել էր նաև, որ ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադարի իր գործունեությունը։ ՊՆ-ը շարունակելու է կատարել իր այդ գործառույթը` արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։

ԱԽ քարտուղարի խոսքով` արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա հայթայթել։