Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է. Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ ՄԻՊ-ին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ահազանգում է միջազգային գործընկերներին Արցախի հումանիտար ճգնաժամի մասին։

«Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է. Արդեն ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120 000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները:

Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետևանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ և տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Ահազանգում եմ միջազգային գործընկերներիս`

միջազգային հանրության կողմից անպատժելիության հետևանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետևանքների։ Բոլոր մատակարարումները, ելումուտը Արցախ պարզապես արգելափակված են։

Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումը հրամայական են, որպեսզի հասնել ագրեսորից Արցախի 120 000 բնակչության փրկության։

Այս իրավիճակում հատուկ խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տ․Ն․ Մոսկալկովային և ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վ․Ա․ Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Ներկայացրել եմ առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:

Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120 000 վտանգված կյանքի հանդեպ:

Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է»,- գրել է նա: