Ադրբեջանի օդային տարածքում Երևան- Մոսկվա խորհրդավոր չվերթը կատարող անգլիական արտադրության ինքնաթիռի տագանապի ազդանշանից հետո…

Կիրակի օրը մի բավական ուշագրավ, թերևս նաև խորհրդավոր դեպք տեղի ունեցավ… Ռուսական և հայաստանյան մի քանի ԶԼՄ-ներ հաղորդեցին, որ Երևանից Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց, արդեն Ադրբեջանի օդային տարածքում «Hawker 800A» ինքնաթիռից տագնապի ազդանշան է տրվել:

Մասնավորապես, ռուսական ТАСС պետական լրատվական գործակալությունը հղում կատարելով ինքնաթիռների թռիչքներին հետևող «Flightradar24» ծառայության 18.12.2022թ. տվյալներին, «Ինքնաթիռը շարունակում է թռիչքը» վերտառության ներքո հաղորդեց , որ «Hawker 800A բիզնես-ջեթը Երևանի օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 17:40-ին և մի քանի րոպե անց, թռչելով Ադրբեջանի տարածքի վրայով, տագնապի ազդանշան է տվել, որի ծածկագիրը նշանակում է վթար կամ այլ արտակարգ իրավիճակ ինքնաթիռում»։

ТАСС -ի նույն հաղորդման համաձայն, ինքնաթիռը շարունակում է թռիչքը, վայրէջքը նախատեսված է «Վնուկովոյում» 21:52-ին։

«Տագնապի ազդանշան տալու պատճառը դեռ հայտնի չէ, տեղեկություններ չկան նաև այն մասին, թե ով է գտնվում օդանավում, որը նախատեսված է 8 մարդու համար»,- գրել է ТАСС -ը:

Դեռ չի հրապարակվել և իրազեկների կողմից դժվար թե բացահայտվի այն ուղևորի ինքնությունը, որը գտնվել է ոչ կանոնավոր չվերթ իրականացրած այս կորպորատիվ ինքնաթիռում: Անհայտ է մնում նաև` նա Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի քաղաքացի է (ամենայն հավանականությամբ, ՌԴ քաղաքացի է), բիզնեսմե՞ն է, թե՞ պետական բարձրաստիճան պաշտոնա:

Թող որևէ մեկին շփոթության մեջ չգցի այն, որ վերևում ինքնաթիռի անվանման դիմաց գրված է բիզնես-ջեթ, այն մասնավոր է: «Hawker 800A» ինքնաթիռը կարող էր պատվիրված լինել նաև Երևանից Մոսկվա կամ Մոսկվա- Երևան- Մոսկվա չվերթով շտապ թռիչքի անհրաժեշտություն ունեցող ինչպես բիզնեսմենի, այնպես էլ Հայաստանի կամ Ռուսաստանի պետական որևէ մարմնի, գերատեսչության կողմից, օրինակ, կառավարության, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, արտգործնախարարության…

Այսօր հայտնի դարձավ, որ «Hawker 800A» ինքնաթիռը չնախատեսված, այսինքն` հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնել են , որ ինքնաթիռը Մախաչկալայում վայրէջք է կատարել տեխնիկական խնդրի պատճառով: Նշելով այս մասին, Քաղավիացիայի կոմիտեից NEWS.am-ին ասել են, թե Ինքնաթիռում 3 անձ է եղել, արտառոց բան չի եղել»: Մի՞ թե… Նիկոլի օրոք ու նիկոլական ղեկավար ունեցող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ինքնաթիռից տագնապի ազդանշան տալը, ապա հարկադիր վայրէջքը չնախատեսված օդանավակայանում, այլևս արտառոց բան չէ՞…

Կատարվածն ուշագրավ է մի քանի առումով. Նախ, ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Ադրբեջանի օդային տարածքում, ինքնաթիռի, այսպես ասած, տեխնիկական խնդիրը զարմանալիորեն հենց այնտեղ է առաջացել:

Երկրորդ. դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանը փակել է Արցախ- Հայաստան միակ, այսինքն` կյանքի ճանապարհը, Ադրբեջանի և հայկական զույգ պետությունների միջև լարված հարաբերություններն էլ ավելի են լարվել:

Երրորդ. եթե խոսքը մասնավոր ինքնաթիռով ինչ- որ բիզնեսմենի մասնավոր, իր անձնական կամ բիզնեսի գործերով պայմանավորված թռիչքի հետ կապված միջադեպի մասին է, ապա զարմանալի է, որ այդ մասին շատ արագ իմացել ու միջադեպին շատ օպերատիվորեն արձագանքել է ռուսական պետական լրատվական գործակալությունը` ТАСС-ը. գործակալության հրապարակումը Մոսկվայի ժամանակով 19:03-ին է` Երևանի օդանավակայանից դարձյալ Մոսկվայի ժամանակով նշված թռիչքից (ժամը 17:40-ին) ընդամենը 1 ժամ 23 րոպե հետո:

Չորրորդ, հայկական կամ ռուսական որևէ լրատվամիջոցում չի նշվում, թե Երևանի ո՞ր օդանավակայանից է եղել թռիչքը` «Զվարթնո՞ց», թե «Էրեբունի»…

Հինգերորդ. Ադրբեջանի օդային տարածքը, ինչպես հայտնի է, հայկական կամ հայկական գրանցում ունեցող ավիաընկերությունների, ընդհանրապես, Հայաստանից կանոնավոր ու չարտերային թռիչքներ իրականացնող  ինքնաթիռների համար փակ է: Այստեղից Ադրբեջանի օդային տարածքով Մոսկվա կարող էր թռչել միայն շատ կարևոր կամ ազդեցիկ ուղևոր ունեցող, օրինակ, ՌԴ ռազմաքաղաքական ոլորտի պետական բարձրաստիճան պաշտոնյա տեղափոխող ինքնաթիռը:

Վեցերորդ. զարմանալի է, որ Երևանից Մոսկվա թռչելու համար ինքնաթիռն ընտրել է ոչ թե Վրաստանով, այլ Ադրբեջանով ՌԴ տարածք հասնելու ուղին: Ինչո՞ւ…

Յոթերորդ. անհասկանալի է, թե Երևան- Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը Երևանից, ըստ ТАСС –ի, օդ է բարձրացել 17:40-ին, ինչու պետք է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարեր ավելի քան 4 ժամ հետո` 21:52-ին, երբ այդ չվերթն իրականացնելու համար մոտ 2.5 ժամ էր պետք: Անգլիական արտադրության, երկու ռեակտիվ շարժիչ ունեցող «Hawker 800A» ինքնաթիռի արագությունը հասնում է ժամում 845 կիլոմետրի:

 

Արթուր Հովհաննիսյան