«Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը պահանջագիր ներկայացրեց կառավարությանը
Երևանի պետական համալսարանի շենքի մոտից ուսանողները բողոքի երթ են անցկացրել դեպի Կառավարության շենք: Նրանք կառավարությանն ներկայացուցիչներին հանձնեցին «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնության պահանջագիրը:
Նախաձեռնության անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Աննա Դարբինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջագիրն ընդունել է կառավարության բողոք-դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը. «Մենք փոխացեցինք մեր պահանջագրի թղթային տարբերակը: Այս պահին պետք է սպասենք, որովհետև ոչինչ պարզ չէ: Մեր պահանջագիրն ուղարկվել է մի քանի գերատեսչություն, այդ թվում ԱԳՆ»,-ասաց նա:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Տիգրան Աղաջանյանն ասաց․ «Մեր պահանջն այն է, որ ՀՀ-ն՝ ըստ իր արտաքին ռազմավարության Արցախի երաշխավորն է, ինչպես նաև եռակողմ հայտարարության մի կողմը, իրավունք չունի անմասն մնալ արցախահայության ճակատագրից: Ինչպես նշված է մեր պահանջագրում, թե ՄԱԿ-ի, թե ՌԴ-ի միջոցով պետք է բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործել, որ միջանցքը բացվի, կյանքի ճանապարհը բացվի, արցախահայությունն էլ իր համար հանգիստ ապրի»։
ԵՊՀ ուսանողներից Գուրգեն Դանիելյանն էլ նշեց, որ «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնության նպատակն է իր շուրջը համախմբել բոլոր բուհերի ուսանողներին և երիտասարդներին՝ բարձրաձայնելու արդեն 8 օր շրջափակված Արցախի հարցը։
«Բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի այս սադրիչ քաղաքականությունը նպատակ ունի արցախահայությանը կանգնեցնել հումանիտար աղետի առաջ։ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է»,- նշեց նա։
Գուրգեն Դանիելյանն ընթերցեց պահանջագրի տեքստը, որում ասվում է.
«Շինծու բնապահպանական նկատառումներով պաշտոնական Բաքուն արդեն 8 օր է արգելափակել է Բերձորի միջանցքը՝ Արցախի 120 հազար բնակիչներին աշխարհի հետ կապող միակ զարկերակը: Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակն առանց զենքի անմիջական գործադրման, բայց դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումը, ինչպես նաև Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:
Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում: Եթե իրավիճակը արագ չկարգավորվի, Արցախի ժողովուրդը կհայտնվի հումանիտար աղետի սպառնալիքի տակ:
Ստեղծված իրավիճակում «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը ՀՀ իշխանություններից պահանջում է.
-Հավուր պատշաճի կազմակերպել պաշտոնական միջնորդություն և սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ: Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլևս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա և հարիր չէ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությանը:
-Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը, ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ:
– Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Արցախում և Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայելու պահանջով և հանրային կերպով տալ հստակ քաղաքական դիրքորոշում՝ արդյո՞ք շարունակում եք պնդել, որ Ադրբեջանի կազմում միջազգային երաշխիքներով հնարավոր է ապահովել արցախահայության անվտանգությունը»:

