Ադրբեջանի պատկերացմամբ այդ ճանապարհը պետք է լինի առանձնացված, պետք է վերահսկվի ոչ ՀՀ-ի կողմից. Փաշինյանը մանրամասնեց

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ապաշրջափակման մասին է, ինչը նշանակում է,որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ բացառում ենք ՀՀ տարածքով միջացք տրամադրելը եւ դրա  մասին խոսք չկա: Կա դրույթ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի Ադրբեջանի արեւմտյան շրջաններ եւ Նախիջեւանի միջեւ կապ եւ երկրորդ դրույթ, որ կողմերի համաձայնությամբ կարող են նոր ճանապարհներ կառուցվել այդ դրույթները ապահովելու համար:Մենք պատրաստ ենք այդ հաղորդակցությունն ապահովել, Ադրբեջանն ասում է չէ՝ չենք ուզում այդ տարբերակով, ասելով, որ ենթակառուցվածքներ պետք  է կառուցվեն, որ 12 ամիս պետք է գործի այդ ճանապարհը եւ նոր  երթուղի կառուցվի, սակայն երբ գալիս է գործնականացման հարցեր, պարզվում  է, որ Ադրբեջանը ունի լրացուցիչ պատկերացումներ, որ այդ ճանապարհը պետք է  լինի առանձնացված, պետք է վերահսկվի ոչ ՀՀ-ի կողմից, որ սահմանային անցակետերը պետք է ՀՀ օրենսդրությամբ չգործեն, մենք ասում ենք, որ մենք դրա հետ համաձայն չենք եւ դա չի կարող լինել: Մենք պատրաստ ենք  նոր ճանապարհների կառուցմանը, դա մեր «Հայկական խաչմերուկ» ծրագիրն է, բայց դա պետք է տեղի ունենա մեր օրենսդրության սահմաններում, Ադրբեջանը փորձում է ասել, որ իրականում ՌԴ-ն պետք է վերահսկի այդ ճանապարհը: Մենք եւ, ըստ էության, Ռուսաստանը ասում ենք, որ այդ ձեւակերպումը ճիշտ չէ, չի կարող այդպիսի բան լինել ճանապարը պետք է վերահսկի Հայաստանի Հանրապետությունը»- ասաց նա։

Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները ասում  են, որ կոնֆլիկտի բերումով խնդրահարույց կլինի, որ ադրբեջանցիները շփվեն Հայաստանի մաքսավորների եւ սահմանապահների հետ:

«Նրանք ասում են, թող սահմանին կանգնեն ռուս սահմանապահները, որպեսզի ադրբեջանցիները չշփվեն հայերի հետ,մենք ասում ենք, որ ակնկալիքը կարող ենք հասկանալ, բայց աշխատանքային խմբում պայմանավորվել ենք, որ բոլոր համաձայնությունները պետք է լինեն համարժեքության սկզբունքով: Մենք ասում ենք, որ մենք էլ այդ խնդիրը ունենք, եւ առաջարկել ենք, որ սահմանին եւ իրենց եւ մեր կողմից պետք է կանգնեն ուրիշ երկրների օպերատորները, օրինակ ռուս սահմանապահները, կամ իրենց կողմից կարող են թուրքերն էլ կանգնեն, որովհետեւ խնդիր չկա, երբ հայերը գնում են Թուրքիա: Ահա այսպիսին է իրավիճակը եւ մեր դիրքորոշումը ճիշտ է, սկզբունքային է»,- ասաց նա: