Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք և կներկայացնենք պայքարի այն ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ անելու են։
Անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Սաղաթելյանը նշեց․ «Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին ևս այս ընթացքում խոսել ենք, ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը նաև դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է և ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք:
«Կա ամերիկյան կողմի ներկայացրած հստակ սեղանին դրված փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, սեպտեմբերի 27-ով թվագրված, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է: Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ»,-ասաց նա:

