Ադրբեջանը նոտա է հղել՝ Առաջին ալիքով «հակաադրբեջանական ելույթների» կապակցությամբ

Ադրբեջանը նոտա է հղել՝ Առաջին ալիքով «հակաադրբեջանական ելույթների» կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Turan-ը։

«Հոկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի Առաջին ալիքով «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում ռուս քաղաքագետներն ու հայազգի փորձագետները հանդես եկան ակնհայտ հակաադրբեջանական ելույթներով՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ աղավաղելով պետության քարտեզը։ Այդ կապակցությամբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, ասվում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարության գիտությանն է հասցվել, որ պետական հեռուստաալիքով ոչ օբյեկտիվ հայտարարությունները եւ բացահայտ քաղաքական սադրանքները հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որ բազմիցս հնչել է ՌԴ նախագահի կողմից։

Այս թոք շոուի վարողը «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովն է։

«Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի նման պահվածքը հակասում է ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաեւ էական վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»,- ասվում է նոտայում։

2022 թվականի փետրվարի 22-ի Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխհամագործակցության մասին հռչակագրում կողմերը ձեռնպահ են մնում ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններին վնասող ցանկացած գործողությունից՝ ուղղված պետությունների ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ։

Ադրբեջանական կողմը Ռուսաստանից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների սադրիչ գործողությունները դադարեցնելու եւ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար»,- ասվում է ԶԼՄ-ի հաղորդագրությունում։